07/08/2020 11:03
Հայաստանի շաշկու հավաքականը՝ անարդարության զոհ. ֆեդերացիան պատրաստվում է դիմել ՄԻՊ-ին և դատի տալ լեհ մրցավարին
100 վանդականոց շաշկու Ազգերի գավաթի խաղարկությունում 1/4 եզրափակիչում Հայաստանի հավաքականը պետք է հանդիպեր Ուկրաինայի հավաքականի հետ: Ըստ կանոնակարգի՝ թիմերը իրավունք ունեն փոփոխելու հանդիպման ժամերը, բայց լեհ մրցավար Յացեկ Պավլիցկին միտումնավոր կերպով չի փոխել հանդիպման ժամը:
Շաշկու ֆեդերացիայից Aysor.am-ին հայտնել են, որ Հայաստանի հավաքականը չի մասնակցել այդ հանդիպմանը, որից հետո լեհ մրցավարը՝ խախտելով կանոնակարգը, այս մրցաշարում արդեն երկրորդ անգամ «հաշվեհարդար տեսավ Հայաստանի հավաքականի հետ՝ 5-րդ տեղից իջեցնելով 14-րդ տեղ»:
«Սա ակնհայտ քմահաճ և ստոր քայլ է, պետք է նշել նաև, որ մրցավարի ընկերն է Ոկրաինայի հավաքականի անդամ Յուրի Անիկիեվը, և կան հիմնավոր կասկածներ, որ միասին նրանք պայմանավորվել են, ՀՀ հավաքականի համար ստեղծել արհեստական խոչընդոտներ, որպեսզի Ուկրիանայի հավաքականը դուրս գա հաջորդ փուլ: Հայաստանի շաշկու ֆեդերացիան պատրաստվում է դիմել ՄԻՊ-ին և դատի տալ լեհ մրցավար Յացեկ Պավլիցկիին», - ասացին ֆեդերացիայից։