11/08/2020 17:12
«Լիդիան Արմենիան» ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց
Վերջին երկու տարիների ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինին շրջափակման հետևանքով «Լիդիանը» և կապալառու ընկերությունները ստիպված էին կրճատել ավելի քան 1400 աշխատատեղ, այդ թվում՝ Ամուլսարի հարակից համայնքներից, հայտնում են ընկերությունից:
«Այս ցավալի գործընթացը նպաստեց համայնքներում արտագաղթի աճին, տեղի բնակչությանը կանգնեցրեց սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի առաջ: Մեր տվյալներով վերջին երկու տարիների ընթացքում այս համայնքներից արտագաղթել է մոտ 500 մարդ:
Այս ողջ ընթացքում «Լիդիանը» համայնքի բնակիչներից ստացել է աջակցության, աշխատատեղերի վերաբացման բազմաթիվ դիմումներ: Անկախ ստեղծված իրավիճակից «Լիդիանը» միշտ եղել է համայնքի բնակչի կողքին և ևս մեկ անգամ վերահաստատում է իր որդեգրած դիրքորոշումը: «Լիդիանը» օրենքի շրջանակներում ծրագրում է սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթացը: Որպես առաջին քայլ՝ ընկերությունը հայտարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց` հաշվի առնելով վերջին տարիների արտագաղթն ու կադրերի արտահոսքը:
Ամուլսարի շրջակա համայնքներից ցանկացողները կարող են օգոստոսի 12-ից սկսած իրենց մասին անհրաժեշտ տեղեկությունները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ փոխանցել համայնքներում «Լիդիանի» ներկայացուցիչներին», - ասված է «Լիդիանի» տարածած հայտարարության մեջ: