11/08/2020 16:49
Որևէ ծանր տեխնիկա Ամուլսար չի մտել և չի մտնելու. Ամուլսարի պահապաններ
Ամուլսարի պահապանները «Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հայտարարություն են տարածել, որում ասված է.
«Ամուլսարում հանքահանման ծրագրեր ունեցած ընկերությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե վերահսկում է իրավիճակը՝ ինչը չի համապատասխանում իրականությանը: Վերջին շաբաթների ընթացքում այս ընկերությունն իրեն թույլատրված հիմնական ճանապարհներով որևէ ելումուտ չի կարողացել անել Ամուլսարի տարածքում և միայն գաղտագողի, Սարավան գյուղի մերձակա ճանապարհով ինչ-որ մաքրողների ու սանտեխնիկների է տարածք մտցրել, որոնք ոչ մի էական աշխատանք չեն կարող անել, սակայն որոնց ընկերությունն օգտագործում է հերթական անիրական պատմությունը ստեղծելու և, հավանաբար, իր ներդրողներին հրամցնելու համար:
Որևէ ծանր տեխնիկա Ամուլսար չի մտել և չի մտնելու: Ջերմուկ համայնքի բնակիչները և Ամուլսարի համար պայքարող Հայաստանի գիտակից քաղաքացիները երբևէ թույլ չեն տալու որևէ հանքահանություն Ամուլսարում:
Սա մեր վերջնական որոշումն է, որը փոփոխության ենթակա չէ։ ՀՀ կառավարությունը պարտավոր է հաշվի նստել Ջերմուկ համայնքի բնակիչների մեծամասնության (հանրագրով և ավագանու որոշումով ամրագրված) և ՀՀ մյուս քաղաքացիների արդարացի պահանջի հետ և իր իսկ պատվիրած մջազգային ուսումնասիրության արդյունքների հիման վրա ուժը կորցրած ճանաչել 2016թ.-ին նախորդ կոռուպցիոն կառավարության տված բնապահպանական դրական եզրակացությունը»։