11/08/2020 16:18
Տիխանովսկայան հայտնել է, որ Բելառուսը լքելու որոշումն ինքնուրույն է կայացրել (Տեսանյութ)
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ Բելառուսը լքելու որոշումը «բացարձակապես ինքնուրույն» է կայացրել:
«Ես ինձ համար շատ դժվար որոշում կայացրեցի և արեցի դա միանգամայն ինքնուրույն: Ո՛չ ընկերները, ո՛չ հարազատները, ո՛չ շտաբը, ո՛չ էլ Սերգեյը (Տիխանովսկայայի ամուսինը) որևէ կերպ չէին կարող ազդել դրա վրա», - հայտնել է Տիխանովսկայան իր տեսաուղերձում:
«Ես գիտեմ, որ շատերն ինձ կհասկանան, շատերն ինձ կդատապարտեն, շատերն ինձ կատեն: Բայց գիտեք, Աստված մի արասցե, որ նման ընտրության առաջ կանգնեք», - ասել է նա:
Նա նշել է.
«Ես կարծում էի, որ քարոզարշավն ինձ շատ է կոփել, ինձ այնքան ուժ տվել, որ ես կարողանամ դիմակայել ամեն ինչին: Բայց, հավանաբար, ես մնացել եմ այն թույլ կինն, ով ի սկզբանե եղել է»:
Բելառուսի նախագահի թեկնածուն կոչ է արել մարդկանց հոգ տանել իրենց մասին:
«Ոչ մի կյանք չարժե այն ամենն, ինչ հիմա կատարվում է: Երեխաները մեր կյանքի ամենակարևոր բանն են», - ասել է նա:
Տիխանովսկայան իր տեսաուղերձը վերնագրել է՝ «Ես գնում եմ երեխաներիս մոտ»: