11/08/2020 16:07
Կամերային կենտրոնը կներկայացնի Ռիշար Գալիանոյի մասնակցությամբ «Տարվա եղանակներ» համերգի տեսագրությունը
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը օգոստոսի 15-ին, ժամը 20։30 կներկայացնի «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգի տեսագրությունը։ Համերգը կհեռարձակվի կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջով։ Համերգին հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, և աշխարհահռչակ վիրտուոզ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն։
Ծրագրում ներառված են Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ», Աստոր Պիացոլայի «Տարվա եղանակներ» և Ռիշար Գալիանոյի «Օպալե» կոնցերտ նվագախմբի և ակորդեոնի համար ստեղծագործությունները:
Կամերային նվագախումբը բազմիցս համագործակցել է աշխարհահռչակ վիրտուոզ ակորդեոնահարի հետ՝ համատեղ ելույթ ունենալով ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Իսկ «Տարվա եղանակները» համերգային ծրագիրը Գալիանոն ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում:
Իտալական ծագումով ֆրանսիացի ակորդեոնահար, Աստոր Պիացոլայի մեկնաբան, կոմպոզիտոր Ռիչարդ Գալիանոն ծնվել է Ֆրանսիայում 1950 թ: Դաշնամուր և ակորդեոն սկսել է նվագել 4 տարեկանից: Այնուհետև երաժշտական ուսումը շարունակել է Նիցցայի կոնսերվատորիայում, որտեղ ակոնդեոնին զուգահեռ ուսանել է նաև տրոմբոնի դասարանում:
Ուսմանը զուգահեռ մասնակցել է ակորդեոնահարների միջազգային մրցույթների, որտեղ հանդես է եկել Բախի, Չայկովսկու, Ռավելի Գերշվինի ստեղծագործությունների կատարմամբ: Գալիանոն երկու տարի անընդմեջ ակորդեոնահարների «World Cup» միջազգային մրցույթներում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ 1968-ին արժանացել է երկրի նախագահական մրցանակին:
1973-ին Գալիանոն հարավային Ֆրանսիայից տեղափոխվում է Փարիզ և մի քանի տարի համագործակցում է Կլոդ Նուգարոյի նվագախմբի հետ` որպես դիրիժոր, գործիքավորող և կոմպոզիտոր:
Նա համագործակցել է այնպիսի հանրահայտ երգիչների հետ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Սերժ Ռեջիանին, Ժյուլիետ Գրեկոն և այլք։ 1983-ին Աստոր Պիացոլայի նախաձեռնությամբ Ռիչարդ Գալիանոն հրավիրվում է «Comedy France», որտեղ հանդես է գալիս որպես բանդոներնահար, այնուհետև` գործիքավորող և կոմպոզիտոր:
1991-ին Գալիանոն ստեղծում է «նոր մյուզետ» ոճը և այս ոճով Label Bleu ստուդիայում ձայնագրում է ալբոմ: 1993-ին Ջազի ակադեմիան Ռիչարդ Գալիանոյին ճանաչում է տարվա լավագույն ջազ երաժիշտ: Նույն տարում նա ձայնագրում է «Ճանապարհորդություն» ալբոմը, որը նույնպես ճանաչվում է որպես «Տարվա լավագույն ալբոմ»: 2010-ին Ռիչարդ Գալիանոն ստորագրեց բացառիկ պայմանագիր աշխարհահռչակ «Deutsche Grammophon» ընկերության հետ և նրա առաջին ալբոմը, որը նվիրված էր Բախի երաժշտությանը, թողարկումից անմիջապես հետո ավելի քան 40.000 օրինակով սպառվեց մեծ արագությամբ և դարձավ տարվա «Տարվա լավագույն դասական երաժշտության» ալբոմը: