11/08/2020 13:20
Երևանի կենդանաբանական այգին համավարակի պատճառով որոշ ֆինանսական խնդիրներ ունի, սակայն առաջիկայում զարգացման լայն հեռանկարներ կբացվեն. Հարցազրույց Վլադիմիր Սիմոնյանի հետ
Aysor.am-ի զրուցակիցն է Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը։
- Պարոն Սիմոնյան, խնդրում եմ ներկայացնել վիճակագրությունը. նախորդ տարիների համեմատ շա՞տ է պակասել կենդանաբանական այգում մարդկանց հաճախելիությունն այս տարի։
- Համավարակը ազդել է ամբողջ աշխարհի վրա և անմասն չէր կարող մնալ նաև մեր երկիրը ու հատկապես այնպիսի կառույցները, որոնք այցելուների քանակով խնդիր են լուծում։ Այո, մարդկանց հոսքը նվազել է, որովհետև այցելուների հիմնական մասը մայրաքաղաքի բնակիչներն են, չկան տուրիստներ, մարզերից այցեր շատ քիչ են լինում։ Եվ հետևաբար, այգին որոշ ֆինանսական խնդիրներ էլ ունի։ Իհարկե, անգնահատելի է այս իրավիճակում Երևանի քաղաքապետարանի դերը մեր կառույցին օժանդակելու հարցում, քանի որ կենդանաբանական այգին գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ։ Շատ բաներ էլ այսօր փորձում ենք անել անձնական միջոցներով, կան մարդիկ, կազմակերպություններ, որոնք ցանկություն ունեն օգնել այգուն, առաջիկայում տարբեր նախաձեռնություններ կլինեն։ Հուսով ենք՝ Երևանի կենդանաբանական այգին այս իրավիճակը պատվով կհաղթահարի և առաջիկայում զարգացման լայն հեռանկարներ կունենանք։
- Նախորդ տարին այդքան էլ հաջող չէր այգու համար, հաշվի առնելով կենդանիների զանգվածային անկումը (տարբեր պատճառներով)։ Ի՞նչ նորություններ ունեք այս տարի։ Հնարավոր եղե՞լ է ավելացնել կենդանիներին, ի՞նչ ծնունդներ են գրանցվել։
- Այս տարի ունեցել ենք բավականին թվով ծնունդներ՝ պտավոր և եվրոպական եղնիկներ, մուֆլոններ, բեզոարյան այծեր, պոնի և այլն։ Նոր կենդանիներ էլ ունենք, նաև այգում կան հին բնակիչներ՝ շատ գեղեցիկ կենդանիներ, որոնք ցուցադրված չեն։ Առաջիկայում ցանկանում ենք հենց այդ հարցը լուծել։ Եթե այս իրավիճակը չլիներ՝ ավելի շատ նորություններ կլինեին, պլաններ ունեինք նոր այնպիսի կենդանիներ բերել այգի, որոնք մինչ այս դեռ չեն եղել այգում, սակայն հիմա ժամանակի հարց է։ Առաջիկայում կարծում եմ, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա՝ դա էլ կլինի։
- Նախորդ տարվա ավարտին Դուք ստանձնեցիք կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ-ի պարտականությունները։ Ի՞նչ աշխատանքներ են արվել այս ժամանակահատվածում։
- Այս բարդ ժամանակաշրջանի ընթացքում, չեմ չափազանցնի, եթե նշեմ, որ բավական աշխատանք է կատարվել։ Այգու համար ձեռք ենք բերել նոր սառնարանային համալիր, որի շնորհիվ կենդանիները թարմ սնունդ են ուտում, նախկինում դա լուրջ խնդիր էր։
Ներկայումս Երևանի քաղաքապետարանի շնորհիվ իրականացվում է այգու պարսպապատման գործընթացը։ Սակայն, մինչ այդ, քանի որ պրոցեսը բավականին երկար է, վերանորոգվել, թարմացվել են այգու մի շարք ազատավանդակներ՝ շեշտը դնելով հատկապես կեկնդանիների անվտանգության խնդրի վրա։ Բավականին բարեկարգ է այժմ մեր այգին, առաջիկայում նորություններ էլ կունենանք։
Վերանորոգել ենք նաև Երվարդ Քոչարի ստեղծած Ծովառյուծի քանդակի շատրվանները, դեռ կան որոշ աշխատանքներ այն ավելի գեղեցկացնելու համար։ Ներկայումս շատ կարևոր խնդիր ենք դրել մեր առաջ, վերականգնել նաև այգու մյուս պատմամշակութային հուշարձանները։ Այգին շատ մեծ ներուժ ունի ու պետք է ամեն ինչ անենք դա հանրությանը ճիշտ դիտակետից ներկայացնելու, մատուցելու համար․ վերաբերմունք պետք է փոխենք, քանի որ սա եզակի վայր է։
Ցանկացած մարդ, ով առնչվել է կենդանաբանական այգու հետ գիտի, որ այն կյանքի որակ է փոխում, այգին կապող գիծ ունի, մոգական բան կա ու ոչ ոք չի կարողանում հեշտ թողնել ու գնալ։ Ցանկալի կլինի, իհարկե, միայն լավը տալ այգուն, միջանձնային շահերը պետք է բացառվեն ու շեշտը պետք է լինի այս ունիկալ վայրի զարգացումը, կենդանիների առողջ, բնությանը մոտ կենսակերպ ապահովելը։
- Ձեր՝ կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ-ի պաշտոնը ստանձնելուց հետո մամուլում եղան հրապարակումներ, որ Դուք ազատվում եք հին կադրերից։ Այդպե՞ս է։
- Կարծում եմ գերակշռող դեպքերում, երբ տնօրենի փոփոխություն է լինում, նման խոսակցությունները դառնում են անխուսափելի, մենք մեր պարզաբանումն այս հարցում արդեն տվել ենք։
Այգու նախկին աշխատակիցներից ազատվել են ընդամենը 2-ը՝ դրա համար եղել են բավականին հիմնավոր պատճառներ։ Բացի այս աշխատակիցներից կա ևս մեկը, ով ազատվել է սեփական դիմումի համաձայն, սակայն այժմ տարբեր մեկնաբանություններ է տալիս․ մի տեղ նշում է, որը ինքը չի դիմում գրել, մի այլ տեղում թե դիմում գրել է, բայց հետո փոշմանել հետ է պահանջել, մի ուրիշ տեղ այլ բան է ասում։ Սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ մենք մեր պարզաբանումը տվել ենք, ես մեծահոգաբար եմ վերաբերում այս ամենին։ Մեր կառույցում ցանկացած աշխատակից, ով կարևորում է առաջին հերթին կենդանաբանական այգու համար իր կատարած աշխատանքը, աշխատում է նվիրումով, անպայման գնահատվում է։
Ներկայումս կենդանաբանական այգում աշխատում են նախկին տնօրենի քույրը, դասընկերն ու համակուրսեցին, ովքեր որևէ խնդիր չունեն այգու նոր տնօրինության ու աշխատակազմի հետ և այս պարագայում կարևորվում է նրանց տարիների փորձն ու մասնագիտացումը։