12/08/2020 10:58
Հանրայինը լուրերի թողարկումներում չի անդրադարձել Լուկաշենկոյին ուղղված վարչապետի շնորհավորական ուղերձին հաջորդած քննադատություններին. «Մեդիա պաշտպան»
Հանրային հեռուստաընկերությունն օգոստոսի 11-ի լուրերի թողարկումներում չի անդրադարձել Լուկաշենկոյին ուղղված վարչապետի շնորհավորական ուղերձին հաջորդած քննադատություններին։ Նիկոլ Փաշինյանի քայլն անհասկանալի ու աբսուրդ են համարում շատ իրավապաշտպաններ, այդ թվում՝ նրան մշտապես աջակցող, ասված է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:
«Ընդդիմադիրները գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շատ է շտապել, մինչդեռ իշխանական պատգամավորներն ու վարչապետի խոսնակը նպատակահարմար չեն համարում մեկնաբանելու աղմուկ բարձրացրած այս քայլը։
Հանրայինի Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների մասին պատմող ռեպորտաժում չի նշվում, որ հետընտրական բազմահազարանոց ցույցերի ընթացքում 3000-ից ավելի մարդ է բերման ենթարկվել, ընդդիմության առաջնորդները ձերբակալվել են, լրատվամիջոցների ղեկավարների ու լրագրողների նկատմամբ ճնշումներ են կիրառվել, ժողովուրդը չի հավատում ընտրության արդյունքներին և չի ուզում, որ 6-րդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձի 26 տարի պաշտոնավարած Լուկաշենկոն։ Ցույցերի ընթացքում պաշտոնական տվյալով մեկ մարդ է զոհվել։
Ընդդիմադիրներ պնդում են, որ այս ամենի ֆոնին շնորհավորողների ցանկում Հայաստանն առաջինն էր և տարակուսելի է փաստը, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսել է արդար ընտրությունների, ժողովրդի ձայնը հաշվի առնելու մասին։ Նման քայլը հակասում է Փաշինյանի հռչակած հեղափոխական արժեքներին, վարչապետին մեղադրում են երկակի ստանդարտներով առաջնորդվելու մեջ։
Հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը, սակայն, չի անդրադարձել այս արձագանքներին և շրջանցել է հանրային հնչեղություն ստացած իրադարձությունը՝ իշխանություններին հաճոյանալու համար»: