12/08/2020 11:49
Հայաստանի ամբողջ տարածքում վերացվում է հավաքների և գործադուլների արգելքը (Տեսանյութ)
Արտակարգ դրություն սահմանելու համար հիմք հանդիսացած պայամնները շարունակվում են պահպանվել, հետևաբար, առաջարկվում է արտակարգ դրությունը երկարացնել 30 օրով, կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Առաջարկվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 2020 թվականի օգոտոսի 12-ի ժամը 17:00-ից մինչև 2020 թվականի սեպտմբերի 11-ը ժամը 17:00-ն։ Սա արտակարգ դրության ժամկետի 5-րդ երկարաձգումն է», - ասաց նախարարը։
Նա ներկայացրեց, որ այս անգամ արտակարգ դրության պայմաններում մի շարք մեղմացումներ են նախատեսված։
Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ ՀՀ մուտքի արգելքի վերացում։ ՀՀ մուտք գործելուց հետո անձը 14 օրով ինքնամեկուսացվում է: Այդ ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ և բացասական ելքի դեպքում՝ ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է։
ՀՀ ամբողջ տարածքում վերացվում է հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ՝ որոշակի կանոնների պահպանման պայմանով՝ սոցիալական հեռավորության պահպանում և դիմակի կրում:
Վերացվում են նաև ընտանեկան արարողություններ ու ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, դրանց մասնակցելու սահմանափակումները։ Դրանք կթույլատրվեն բաց և փակ տարածքներում՝ առավելագույնը քառասուն մարդու մասնակցությամբ։
Փաշինյանն ընդգծեց, որ կանոնների ոչ պատշաճ պահպանման դեպքում ստիպված կլինեն վերադառնալ սահմանափակումներին։
Հարցը դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց։