12/08/2020 15:36
Հավաքների հետ կապված չկա քանակի և ժամային սահամանափակում․ ընդամենը պահանջվում է համաճարակային կանոնները պահպանել․ Պարետ
Արտակարգ դրության սահմանափակումների մեղմացման վերաբերյալ որոշումները պարետատունը կհրապարակի գալիք օրերի ընթացքում, ԱԺ-ում ասաց պարետ Տիգրան Ավինյանն՝ ավելացնելով, որ նախատեսվող փոփոխությունները հենց այս պահից չեն գործելու։
«Մինչև ուրբաթ օրը շատ հստակ կանոնակարգված կհրապարակվի: Կարծում եմ՝ այնտեղ որևէ տարընթերցման տեղ չի մնա», - ասաց Ավինյանը։
Նա ընդգծեց, որ բացօթյա տարածքներում՝ այգիներում և բնության գրկում, դիմակի կրման պարտադիր պայմանը կհանվի ընտանիքի անդամներով հավաքների ժամանակ։
Ինչ վերաբերում է որոշումով նախատեսվող գործադուլների և հավաքների անցկացումների թույլտվությանն՝ Ավինյանն ասաց․
«Հավաքների հետ կապված չկա քանակի և ժամային սահամանափակում։ Ընդամենը պահանջվում է համաճարակային կանոնները պահպանել՝ կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն։ Այս պայմանների պահպանմամբ գրեթե որևէ հավելյալ ռիսկ չի առաջանում, նույնիսկ եթե շատ մեծ հավաքներ մասին խոսք գնա»։