13/08/2020 12:51
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 24-րդ ծրագրի շահառուները կոնյակագործներն ու գինեգործներն են
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքերի չեզոքացման 24-րդ ծրագիրը։
Դրա նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը:
«Կորոնավիրուսը ազդեցություն է թողել կոնյակագործության և գինեգործության ոլորտի կազմակերպությունների գործունեության արդյունքների վրա։ Արտադրանքի նկատմամբ պահնաջարկը նվազել է, ինչն ազդել է նաև վաճառքի ծավալների վրա։ Ունենք պաշտոնական տեղեկատվություն, որ թե՛ արտահանման թվերի, թե՛ ներքին շուկայում իրացվելիության շուկայում ավելի քան 30 տոկոսի անկում է արձանագրված, որոշներում՝ ավելի», - ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ առաջացած խնդիրների արդյունքում բանկերն ավելի զգուշավոր են դարձել նման կազմակերպություններին վարկ տրամադրելու հարցում։ Ըստ նախարարի՝ փորձ է արվել նաև խաղողի արտադրանք ունեցող գյուղացիներին օգնել վաճառել իրենց արտադրանքը մթերման համար։
«Փորձել ենք մնալ կառավարության աջակցության ներկա գործիքակազմի շրջանակներում, որը կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող մթերող կազմակերպություններին սուբսիդավորող վարկերի հատկացումն է։ Դրանով մենք չենք վերցնում շուկայական ռիսկ, վարկի վերաբերյալ որոշումները ֆինանսական կազմակերպությունն ու կոնյակագործ կամ գինեգործ կազմակերպություններն են կայացնում, իսկ մենք սուբսիդավորում ենք վարկի տոկոսն ամբողջությամբ։ Փորձել ենք վարկի փոփոխության ձևաչափը համաձայնեցնել այնպես, որ 2020 թվականի ընթացքում այն կազմակերպությունները, որոնք պետական աջակցությունից զգալիորեն կախված գործունեություն են վարում, ունենան բավարար պայմաններ խաղողը մթերելու համար։ Ներկայումս 18 ամիս սահմանված սուբսիդավորման առավելագգույն ժամկետի փոխարեն առաջարկվում է սահմանեկլ 24 ամիս։ Վարկի սահմանաչափը մեկ կազմակերպության մասով սահմանված 1.8 մլրդ դրամի չափի փոխարեն՝ դարձնել 3 մլրդ դրամ, իսկ վարկի մարման արտոնյալ ժամկետը ներկայումս սահմանված 2-3 ամսվա փոխարեն առաջարկվում է դարձնել 3-6 ամիս», - ասաց Խաչատրյանը։