13/08/2020 17:30
Արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարող մուտք գործել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ այդ երկրի կառավարության որոշումը. Վահան Հունանյան
Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որևէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանն՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին:
«Երեկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ սահմանափակումների մեղմացումները կազդեն արտագնա աշխատանքի մեկնողների վրա, սակայն հրաժարվեց իր խոստումից։ Նախևառաջ, արտագնա աշխատանքի մեկնողների վերաբերյալ սահմանափակումների մեղմացում չէր կարող լինել զուտ այն պատճառով, որ այս ոլորտում Հայաստանի կողմից սահմանափակում չէր սահմանվել: Այսինքն, անհնար է մեղմել գոյություն չունեցող սահմանափակումը», - գրել է Հունանյանը:
Փոխվարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության՝ երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումը:
«Ինչպես հենց պարոն Մարուքյանի տարածած տեսանյութում է երևում, փոխվարչապետն ասում է, որ օգոստոսի 12-ին կհայտարարենք լուծումների մասին։ Լուծումների մասին երեկ Տիգրան Ավինյանը հենց ԱԺ ամբիոնից հստակ ու մի քանի անգամ հայտարարեց։ Փոխվարչապետն ասաց, որ քննարկումներ են սկսվել Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցության վերականգման ժամկետների ու պայմանների վերաբերյալ, որի շրջանակներում էլ կհասցեագրվեն նաև արտագնա աշխատանքի մեկնողների հարցերը:
Նաև ի գիտություն՝
Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որևէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա: Համաճարակաբանական վիճակի կառավարման քաղաքականության շրջանակներում օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումների կայացումը յուրաքանչյուր երկրի սուրվերեն դաշտում է, և պայմանավորված չէ այլ երկրում արտակարգ դրության հայտարարմամբ կամ այդ դրության երկարաձգմամբ», - գրել է Հունանյանը: