13/08/2020 22:59
Ռուբեն Հայրապետյանն ու Գրիգոր Թերմենջյանը 3-ական միլիոն դրամ են փոխանցել դերասանուհի Նարինե Ոսկանյանին՝ կյանքը փրկելու համար
«Դերասանուհի Նարինե Ոսկանյանը սրտի բաց վիրահատության անհրաժեշտություն ունի, և անհրաժեշտ է 3 միլիոն դրամ՝ կյանքը փրկելու համար». երեկվանից այս հայտարարությունն է պտտվում ամբողջ համացանցում, դերասանուհին էլ խնդրում է իր ընկերներին, գործընկերներին ու հանդիսատեսին՝ օժանդակել իրեն: «Օգնեք մնամ ձեզ հետ, որ ըստից հետո էլ շարունակեմ ձեզիկ խընդցնել»-արցունքի միջից ժպտալով հանրությանն է դիպում Նարինեն: Նրա խոսքերով՝ ժամեր առաջ հիվանդանոցից իր իսկ ստորագրությամբ է դուրս գրվել՝ գիտակցելով, որ կյանքը վտանգի տակ է:
Մեկ օրվա մեջ բացվեցին հաշվեհամարներ, որոնց գումար փոխանցելու միջոցով բոլորը կարող էին ներդրում ունենալ դերասանուհու բժշկման գործում:
Քիչ առաջ պարզվեց՝ 2 բարերար, միմյանցից անկախ, փոխանցել են Նարինե Ոսկանյանի վիրահատության ամբողջ գումարը: Այդ մասին դերասանուհին հայտնեց անմիջապես՝ իր ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով:
«Ամերիկայից մի բարերար՝ Գրիգոր Թերմեջյանը, մեկ ժամ առաջ ինձ փոխանցեց վիրահատության ամբողջ գումարը, նույն ընթացքում ինձ գումար ուղարկեց նաև Ռուբեն Հայրապետյան: Ես նրա հետ կապ հաստատեցի, ասացի, որ արդեն վիրահատության գումար կա, բայց նա ասաց, որ իր ուղարկածն էլ նվիրում է ինձ, քանի որ հետվիրահատական շրջան պիտի անցնիմ, բազմաթիվ ծախսեր ունեմ: Այս երկու բարերարներին էլ ես անձնապես չեմ ճանաչում, բայց շնորհակալ եմ շատ իրենց հոգատարության ու օգնության համար: Հիմա շատ հուզված եմ, վստահ եմ՝ 10 օր հետո նորից ուղիղ եթե կմտնիմ ու ձեզի հետ կխոսամ, կասեմ, որ լավ եմ, ժողովուրդ ջան, ու մե 20 տարի ինձնից փրկում չունիք դուք, պիտի խնդաք
Դերասանուհին նշեց, որ հանդիսատեսը ևս գումար է փոխանցել: Խնդրեց այլևս դադարեցնել փոխանցումները, ու տեղակացրեց, որ վիրահատությունից հետո ավելացած գումարը փոխանցելու է որևէ կարիքավոր ընտանիքի, կամ՝ երեխայի բուժման համար, որպեսզի իր սիրտը հանգիստ լինի: