13/08/2020 17:53
«Լիդիանի» բաժնետոմսերի 41%-ը թուրքերին պատկանելու լուրը բացարձակ սուտ է. Իրավաբան
«Ֆիդելիթի Քոնսալթինգ» իրավաբանական գրասենյակի իրավաբան Արմեն Մելքումյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադաձել է «Լիդիան Արմենիան»-ի, այսպես կոչված, «թուրք բաժնետերերի» թեմայի շուրջ տարածվող տեղեկություններին:
Գրառումը՝ ստորև.
«Հանրության մեջ որպես իրավաբան-բնապահպան հանդես եկող Նազելի Վարդանյանը, Լիդիանի մասին տարածում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Երեկ տիկին Վարդանյանը հայտարարել է, որ Լիդիանի բաժնետոմսերի 41% ը պատկանում է թուրքերին։ Նշեմ, որ սա բացարձակ սուտ է։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ սկզբում ակտիվիստ-բնապահպանները, խոսում էին 40 թուրք բաժնետերերի մասին, հիմա արդեն 40 թուրքը դարձավ 41%, վաղը նրանք նույն հաջողությամբ կխոսեն 400%-ի կամ 4000 թուրքի մասին։
Իրականությունն այն է, որ ցանկացած գրագետ մարդ, կարող է բաց աղբյուրներից տեղեկանա, որ Լիդիան Արմենիայի 100% բաժնետերը ընկերության վերակազմավորման արդյունքում դարձել է Լիդիան Կանադա Վենչուրս ընկերությունը, որը պատկանում է խոշոր ամերիկյան և կանադական ներդրումային ֆոնդերի։ Լիդիան ինթերնեյշնլը, որը Ամուլսարի շուրջ տևական ապօրինությունից հետո ստիպված եղավ ապացուցակվել, ուներ շուկայում վաճառվող 750 միլիոն բաժնետոմս։ Ինչպես և Հայաստանում գործող մի քանի այլ միջազգային կազմակերպություների՝ բանկերի, հեռահաղորդակցման ընկերությունների դեպքում, հազարավոր անհատներ կարող էին շուկայից գնել և վաճառել ընկերության բաժնետոմսեր, չունենալով ոչ մի մասնակցություն ընկերության կառավարմանը։ Այն ժամանակ նույնպես Լիդիանի կառավարիչ փաթեթը պատկանում էր խոշոր ամերիկյան և կանադական ներդրումային ֆոնդերին։ Այժմ՝ ապացուցակումից հետո, ընկերությունը չունի շուկայում վաճառվող բաժնետոմսեր, Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետոմս ունեցող հազարավոր անհատներից և որևէ մեկը, ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, չի կարող մասնակցել ընկերության կառավարմանը։
Պարզապես տարակուսանք է առաջացնում, որ տիկին Վարդանյանը ունենալով բազմամյա մասնագիտական փորձ, պատշաճ կերպով չի գնահատել և վերլուծել հանրության համար հասանելի տեղեկատվությունը և ըստ էության տարածել է իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տվյալներ։ Նման տեղեկատվության տարածումը հավասարազոր է նրան, որ օրինակ՝ որևէ անձ պնդի, թէ իբրև բնապահպան-ակտիվիստների որոշակի շրջանակ օգտվում է բացառապես թուրքական ապրանքներից, կամ նրանցից մեկի ընտանիքին պատկանող գարեջրատունը կահավորված է բացառապես Թեղուտում կտրտված անտառանյութից, կամ Ամուլսարի դեմ նրանք պայքարում են բացառապես Ադրբեջանի տնտեսական շահերի սպասարկման շրջանակներում։ Բայց քանի որ Լիդիան Արմենիա ընկերությունը պատասխանատու է իր կողմից հրապարակվող տեղեկությունների իսկության համար, ուստի տարածում է բացառապես իրականությանը համապատասխանող տեղեկատվություն:
P.S. Ավելորդ չեմ համարում նշել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի 10.06.2020թ. կայացված վճռով Նազելի Վարդանյանի կողմից Ընկերության վերաբերյալ նախկինում տարածված տվյալները համարվել են զրպարտություն»: