14/08/2020 12:31
Անցած տարի մթերվել է 160 հազար տոննա խաղող, այս տարվա թվերը դեռ պարզ չեն. նախարար
Հստակ թվեր չունենք, թե այս տարի խաղողի մթերումն ինչ ծավալների կլինի: Թվերը պարզ կդառնան վաճառքի օրերին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Խոսքը բազմահազար գյուղատնտեսական տնտեսությունների մասին է: Նախորդ տարվա ընթացքում մթերումների ծավալը մոտավորապես 160 հազար տոննա է եղել: Հոկտեմբերին հանդես կգանք թվային տվյալներով, թե որքան գնումներ են կատարվել»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով տնտեսության վիճակին՝ առհասարակ, Տիգրան Խաչատրյանը չբացառեց, որ այս ընթացքում փակված որոշ բիզնեսներ լինեն, օրինակ՝ զբոսաշրջության ոլորտում:
«Բայց այս բիզնեսների փակումը համարում ենք պայմանական, քանի որ զբոսաշրջիկներ լինելուն զուգահեռ՝ դրանք նորից կբացվեն»,- նշեց նախարարը: