14/08/2020 18:16
Ափսոս, որ նման լավ պատասխան չհնչեց. Մարուքյանը՝ վարչապետի հարցազրույցի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դիտեցի BBC HardTalk հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:
Հայտնի հարցազրուցավար Ստեֆան Սակուրն, ի թիվս այլի, անդրադարձավ նաև մեր կառավարության կողմից Կորոնավիրուսը հաղթահարելու մարտավարության ձախողմանը:
Ստեֆանն այս թեմայով հարց ուղղեց Վարչապետին՝ համոզմունք հայտնելով, որ վերջինիս կառավարության կողմից համաճարակի դեմ ուղղված ապարդյուն ջանքերը փաստում են, որ Կորոնավիրուսի դեմ պայքարը իսկական ձախողում էր:
Վարչապետը պատասխանեց, որ դեռևս վաղ է եզրակացություններ անել այդ մասին, և հայտնեց, որ իր ռազմավարությունն արդյունավետ է մեր երկրի համար:
Հարցազրուցավարը նշեց, որ նույնիսկ տեղացիներն են պնդում, որ վիրուսի պատճառով մահացության մակարդակը վեց անգամ ավելի բարձր է Հայաստանում, քան հարևան Վրաստանում և Ադրբեջանում:
Կարծում եմ՝ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Վարչապետը, «դեռ վաղ է գնահատական տալ» ասելու փոխարեն, պատասխաներ, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, ուստի ընդդիմության կողմից արդեն Քննիչ հանձնաժողով է ստեղծվել որի միջոցով կվերհասկվի և կուսումնասիրվի Կորոնավիրուսի դեմ կառավարության մղած պայքարի արդյունավետությունը:
Քննիչ հանձնաժողովն օբյեկտիվորեն կուսումնասիրի կառավարության աշխատանքի արդյունավետությունը և կտա համապատասխան գնահատական:
Ափսոս, որ նման լավ պատասխան չհնչեց։ Մինչդեռ այս պատասխանը ևս մեկ անգամ կընդգծեր մեր ու Ադրբեջանի տարբերությունը, որտեղ բացառված է, որ ընդդիմությունը խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծի նման հարցերով»: