15/08/2020 13:32
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ
Վսրչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ, հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ և բովանդակություն հաղորդել քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում երկկողմ և բազմակողմ համագործակցության համակողմանի զարգացմանը։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: