18/08/2020 13:47
Որպես ինֆեկցիոն կենտրոն գործող Արտաշատի բժշկական կենտրոնը վերադառնում է իր բնականոն աշխատանքին
Մարտի 31-ից վերապրոֆիլավորված և որպես ինֆեկցիոն կենտրոն գործող Արտաշատի բժշկական կենտրոնը վերադառնում է իր բնականոն աշխատանքին, տեղեկացնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը:
Այսօր կենտրոն այցելեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Մարզպետարանի առողջապահության և սոցապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի, կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանի, փոխտնօրենների և բաժանմունքների վարիչների մասնակցությամբ անցկացված հանդիպման ընթացքում մարզպետը շնորհակալություն հայտնեց ԲԿ-ի ողջ անձնակազմին, տնօրեն Հայկ Համբարձումյանի գլխավորությամբ՝ մասնագիտական բարձր պատրաստվածության, բարեխիղճ ու նվիրված աշխատանքի համար:
-Համավարակի դեմ տարվող լարված ու անձնազոհ պայքարում, դուք ձեր ակտիվ դերակատարությունը ունեցաք այս ամիսների ընթացքում՝ պատվով հաղթահարելով ձեր առջև դրված խնդիրը: Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ՝ անձնազոհ ու հերոսական աշխատանքի համար,-մասնավորապես նշեց պարոն Սարգսյանը:
Մասնագիտական թիմին նվիրված ու եռանդուն աշխատանքի համար իր շնորհակալությունը հայտնեց կենտրոնի տնօրենը՝ ընդգծելով մարզպետ Գ. Սարգսյանի և պատկան մարմինների մշտական ուշադրությունն ու հոգածությունը՝ մեր աշխատանքի հանդեպ:
-Մեր ծանր ու դժվարին աշխատանքի ընթացքում մենք մշտապես զգում ենք Ձեր աջակցությունը, ինչը մեծապես օգնում է մեր աշխատանքին: Պատրաստ ենք այսուհետ ևս պատվով կատարելու մեր առաքելությունը՝ հավատարիմ մնալով բժշկի վեհ առաքելությանը,- նշեց պրն Համբարձումյանը:
Այնուհետև ծավալված անկեղծ զրույցի ընթացքում ներկաները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին պարոն Սարգսյանին և բոլոր աջակիցներին՝ մշտական հոգատարության համար: