20/08/2020 19:00
«Այստեղ անգամ ամենափայլուն դերասանական խաղը կոչնչանա իրականության պատկերի կողքին». Մաննեի նոր ֆիլմն ապրելու մասին է
Երիտասարդ կինոռեժիսոր Մաննեն, ով առանձնանում է վավերագրական ֆիլմերի նկատմամաբ առանձնահատուկ վերաբերմունքով, շուտով հանրությանը կներկայացնի իր նոր աշխատանքը: Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ֆիլմին՝ վերջինս նկատեց՝ եթե միայն մեկ բառով նկարագրի, կարող է ասել՝ այս ֆիլմը ապրելու մասին է:
«Այնպես ստացվեց, որ սկսեցի աշխատել բժշկական ոլորտում: Այս շրջանում հանդիպեցի այնպիսի դրվագների, տեսարանների ու մարդկանց, որոնք ինձ ստիպեցին մտածել ֆիլմի մասին: Ամեն ինչ դեռ նոր ենք սկսել, աշխատանքի սկզբնական փուլում ենք: Այս պահին նկարահանումների շրջան է, դեռ շատ աշխատանք կա անելու: Շտապել չեմ սիրում: Ասեմ, որ այս նկարահանումների ընթացքում բացահայտեցի, որ պատրաստ եմ տեսնել այն ամենն, ինչը միայն ֆիլմերում կարող էի տեսնել: Ընդհանրապես, հետ չեմ կանգնում և պատրաստ եմ փոխանցել հանդիսատեսին էմոցիաներ»,-մանրամասնեց Մաննեն:
Ռեժիսորն ընդգծեց՝ այս ֆիլմը ևս մեծ էկրանների համար է ու փառատոնային կենսագրություն կունենա, մեկտեղ չհերքեց, որ ի տարբերություն մյուս ֆիլմերի, այն նաև հեռուստադիտողին հասանելի կլինի:
«Վերնագրի հարցը թերևս ամենաբարդն է: Տարբերակներ ունեմ, սակայն դեռ չեմ ցանկանա բոլորը հայտարարել, քանի որ սա շատ անկանխատեսելի ֆիլմ է, այս դեպքում ես եմ գնում նրա հետևից և սրտատրոփ սպասում «նրա» անակնկալներին: Սա մաքուր վավերագրություն է, որտեղ նույնիսկ դերասանների կարիք չկա: Այստեղ անգամ ամենափայլուն դերասանական խաղը կոչնչանա իրականության պատկերի կողքին»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Նկատում է՝ ֆիլմի ամենամեծ խորհրդատուն բժիշկներն են, առանց նրանց անհնար կլիներ ֆիլմի ստեղծումը: Նույնիսկ կատակում է՝ բժշկական ոլորտում լիակատար փորձաշրջան է անցնում ու շատ հավանական է համարում՝ վերջում համապատասխան դիպլոմավորումը:
Անդրադառնալով հարցին՝ չի՞ պատրաստվում գեղարվեստական ֆիլմով ներկայանալ հանդիսատեսին, Մաննեն խոստովանեց՝ ինքը սևեռվել է ոչ թե ժանրի վրա, այլ՝ ասելիքի, ու հենց ասելիքն է թելադրում, թե ի՞նչ ժանրի ֆիլմ է պատրաստվելու հաջորդիվ:
«Ամեն անգամ թեմայի ի հայտ գալուց հետո եմ միայն փորձում հասկանալ՝ սա դոկումենտա՞լ պրոյեկտ է, թե՞ խաղարկային: Մինչ այս իմ իդեաները համապատասխանել են դոկումենտալին, սակայն խաղարկային կինոյի սցենարներ ունեմ, որոնցից ոմանք էկրան կբարձրանան հաստատ: Հատկապես, որ արդեն քննարկել ենք իմ պրոդյուսերի՝ Արարատ Գրիգորյանի հետ, մենք ունենք խաղարկային ֆիլմի հետաքրքիր նախագծեր»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց ռեժիսորը: