24/08/2020 16:20
Դպրոցները պետք է պարտադրեն «հիվանդ լինելու դեպքում տանը մնալու» քաղաքականությունը․ ԱՀԿ խորհուրդները՝ դպրոցների վերաբացման մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռիսկերի կառավարման խորհրդատու Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում համառոտ ներկայացրել է դպրոցների վերաբացման վերաբերյալ ԱՀԿ խորհուրդներն ու ուղեցույցները՝ գրելով․
«Քանի որ ինձ շատ են հարցնում, թե որոնք են դպրոցների վերաբացման վերաբերյալ ԱՀԿ խորհուրդներն ու ուղեցույցները, ստորև մի քանի համառոտ կետով ներկայացնեմ․
Վարքագծային նորմեր
Պետք է հաշվի առնել աշակերտների տարիքն ու կարողությունը՝ կիրառվող միջոցները հասկանալու և պահպանելու համար: Փոքր տարիքի երեխաների համար կարող է ավելի դժվար լինել պահպանել ֆիզիկական հեռավորություն կամ դիմակը պատշաճ օգտագործել:
Հիգիենա և առօրյա գործողություններ
Հարկավոր է պահպանել ձեռքերի հիգիենայի և շրջակա միջավայրը մաքուր պահելու միջոցառումները՝ հիվանդության հետ անմիջական շփումը սահմանափակելու նպատակով: Դպրոցներում պետք է կազմակերպվեն անձնակազմի և աշակերտների վերապատրաստման դասընթացներ, պետք է հետևել ամենօրյա մաքրության ժամանակացույցին, ձեռքերի հիգիենայի միջոցների առկայությանը և դիմակների օգտագործման վերաբերյալ պետական ուղեցույցին։
Դպրոցները պետք է պարտադրեն «հիվանդ լինելու դեպքում տանը մնալու» քաղաքականությունը։
Ֆիզիկական հեռավորություն
Մարդկանց միջև առնվազն 1 մետր ֆիզիկական հեռավորությունը անհրաժեշտ է պահպանել դպրոցի տարածքում և դասասենյակներում: Սա ներառում է գրասեղանների միջև տարածությունների ընդարձակում, ընդմիջումների, դասամիջոցների և նախաճաշի ընդմիջումների երկարաձգում՝ սահմանափակելով դասարանների ու տարիքային խմբերի միավորումը, նախատեսելով փոքրաթիվ աշակերտներից բաղկացած դասարաներ կամ այլընտրանքային հաճախելիության ժամանակացույցեր, ինչպես նաև դասասենյակների օդափոխություն:
Հեռավար ուսուցում
Առցանց և հեռավար ուսուցման տարբերակները, ինչպիսիք են առաջադրանքների և դասերի հեռարձակումը ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, ինչպես նաև հետագա հաճախակի օժանդակությունը պետք է հարմարեցվեն իրավիճակին:
ԱՀԿ խորհուրդներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով»։