24/08/2020 18:44
«Ֆրեսկո»-ի շրջանակներում ցուցադրվեցին ««Երուսաղէմէն՝ Տաւուշ». ծանոթանանք Հայ Երուսաղեմին» ծրագիրն ու «Անիկո» ֆիլմը
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց Բերդում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, որին հաջորդեց բանաստեղծուհի, հրապարակախոս Անուշ Նագգաշյանի հեղինակային ««Երուսաղէմէն՝ Տաւուշ». ծանոթանանք Հայ Երուսաղեմին» ծրագրի ցուցադրումը, որը պատրաստել է Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյանը։
«Հայր Ղևոնդի հետ մենք «Ծանոթանանք Հայ Երուսաղեմին» հաղորդաշարն ենք պատրաստում, որը Երուսաղեմի կյանքի մասին է, և ցանկանում էինք ընդգրկել նաև Հայ երիտասարդաց միության ամառային դպրոցը, որի ժամանակ տեղի ունեցավ տավուշյան դեպքերը։ Բոլորս մեր տներում նստած կարող ենք լսել, խոսել այդ ամենի մասին, բայց երբ դու մանկավարժ ես, ապա պետք է ապագա սերունդին փոխանցես գիտելիքներ, քանի որ, երբ նրանք մեծանան դժվար, թե մոռանան սովորածը։ Հայրեասիրությունը հենց փոքր տարիքից պետք է թրծել երեխաների մեջ, և այս պատճառով որոշեցինք հաղորդում պատրաստել այս թեմայով, որպեսզի փոքրերի մեջ հայրենսիրությունն ավելի ամրացնենք։ Կարծում եմ, որ նրանք ոչ միայն ամառները պետք է գնան վայելեն հայրենիքը, այլ այնտեղ կատարվող ամեն մի իրադարձությունով ապրեն։ Եթե մենք ուզում ենք հայ մնալ, ապա մեզ պետք է հետաքրքիր լինի այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, իսկ Տավուշի վրա հարձակումը, ԼՂ-ի վրա հարձակումը և մեր զոհերը, որ եղան, մեծ ցավ է բոլորիս համար։ Որոշեցինք այս հաղորդումը նվիրել հայ զինվորներին, որպեսզի նրանք իմանան, որ Հայաստանից դուրս հայերը, և ոչ միայն իրենց բարեկամներն ու ընկերները, այլ բոլորն իրենց աղոթքների մեջ հիշում են իրենց», - ասաց Անուշ Նագգաշյանը և հավելեց, որ իր համար շատ հուզիչ է, որ «Ֆրեսկոյի» շրջանակներում առաջինը հենց Տավուշում ցուցադրվեց հաղորդաշարը։
Անուշ Նագգաշյանի խոսքով՝ Երուսաղեմը, չնայած, որ հարուստ գաղութ է՝ կա հայկական դպրոց, եկեղեղի,գրադարաններ, բայց մի տեսակ մեկուսացած է. այստեղ մնացած քիչ հայերը ամեն բանի ներկա են գտնվում, բայց այստեղ արվեստագետը առիթ չունի բացվելու և ավելի ճանաչվելու։
«Բարեբախտաբար, հայրենիքը մեզ տալիս է ճանաչվելու հնարավորություն, և մտածեցինք այս հաղորդման մեջ մեր հայ արվեստագետները ևս իրենց մասնակցությունն ունենան։ Դժվար գործը Հայ Ղևոնդինն է, ով ժամերով պատրաստում է այս հաղորդաշարը։ Հաղորդման հիմնական ասելիքն այն է, որ սփյուռքը չի կարող հեռու մնալ հայրենիքից։ Սփյուռքում մեծացող փոքրիկն էլ պետք է չմոռանա, որ այնտեղ կա թշնամի, որը խոչընդտում է մեր կյանքի ընթացքը, մեր քունն է խանգարում՝ արցունք բերելով մայրերին, քույրերին և բոլորին։ Հայրենիքը և սփյուռքը պետք է միասին գործեն»,-նշեց Անուշ Նագգաշյանը։
Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց նաև ռեժիսոր Աննա Հարությունյանի «Անիկո» ֆիլմը: Արմատներով տավուշցի ռեժիսորը ներկայացրել է իր մանկությունը, որն անցել է Նավուր գյուղում։ Արկածախնդիր աղջնակի ակտիվ կյանքն ու պապիկի մասին լավագույն հուշերը մեկ ֆիլմում են ամփոփվել։
Գլխավոր դերում դերասան Դավիթ Հակոբյանն է, ով ներկայանում է պապիկի կերպարով։ Փոքրիկ Անիկոյին և նրա ընկերոջը մարմնավորել են Նարե Մնացականյանն ու Արա Սիմոնյանը: Ֆիլմում նկարահանվել են նաև Հերմինե Ստեփանյանը, Դավիթ Հարությունյանը, Աննա Հարությունյանը, Արմեն Քուշկյանը և այլք:
Ի դեպ, «Свет миру» փառատոնում «Անիկոն» արժանացել է լավագույն օպերատորական աշխատանք և լավագույն ֆիլմ՝ առաջին աստիճանի մրցանակներին։
Հիշեցնենք, որ «Ֆրեսկո» փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ: