25/08/2020 17:52
Բեյրութի նավահանգստում հայտնաբերել են պայթյունավտանգ քիմիական նյութերով 79 կոնտեյներ
Լիբանանի զինվորականները ֆրանսիացի գործընկերների հետ Բեյրութի նավահանգստում հայտնաբերել են քիմիական թունավոր նյութերով 79 կոնտեյներ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Լիբանանի բանակին։
Օգոստոսի 14-ից 22-ի միջակայքում հայտնաբերվել է աղաթթվի 25 կոնտեյներ, նաև ուրիշ նյութերով 54 կոնտեյներ, որոնց արտահոսքը աղետալի կլիներ, նշված է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր տեղի ունեցել։ Ոչնչացել կամ վնասվել էին հարյուրավոր շենքեր, ավտոմեքենաներ, Լիբանանի մայրաքաղաքի շատ թաղամասերում ապակիները կոտրվել էին, կառույցների մի մասն ամբողջությամբ ավերվել էր։
Իշխանությունները հայտնել էին, որ պատճառը 2750 տոննա ամոնիումի սելիտրայի դետոնացիան էր, որը 2014 թվականին առգրավել էին մաքսային ծառայությունները:
Զոհվել էր ավելի քան 170 մարդ։ Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել էր աղետի գոտի։ Դրանից հետո քաղաքում տեղի էին ունեցել հակակառավարական հանրահավաքներ, որոնց հետևանքով Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտարարել էր իր կառավարության ամբողջ կազմով հրաժարականի մասին։