25/08/2020 15:58
Միքայել Ոսկանյանի MVF Band-ը ցանկություն ունի հայ գրողների տուն-թանգարաններում նկարահանել տեսահոլովակներ (Տեսանյութ)
Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի ու նրա MVF Band-ի համար վերջին ամիսները նշանավորվեցին նոր գաղափարներով և արտասահմանյան համագործակցությունների առաջարկներով։ Վերջերս MVF Band-ը մասնակցեց «Selina International Music Summit» առցանց միջազգային երաժշտական փառատոնին՝ մի քանի ամիս դադարից հետո ինքնատիպ կատարումներով ներկայանալով հանրությանը։
Բացի այդ, MVF Band-ը՝ ռեժիսոր Ալբերտ Սարգսյանի հետ, միտք է հղացել պատրաստել տեսահոլովակների կոնցեպտներ, որոնք նկարահանվելու են հայ գրողների թանգարաններում։
Բոլորովին վերջերս իրագործվել էր գաղափարի առաջին հոլովակը, որը նկարահանվել էր Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում՝ մեծանուն բանաստեղծուհու մահվան տարելիցին՝ օգոստոսի 25-ին ընդառաջ։ MVF Band-ը ներկայացրեց «Մախմուր աղջիկը»՝ բոլորովին նոր մեկնաբանությամբ։
Ոգեշնչված լինելով սիրված երգով՝ MVF Band-ը խիզախեց հայտնի գործը նորովի մշակել ու գործիքավորել խմբի արդեն իսկ հայտնի ձեռագրով։ Խումբը շատ նուրբ և զգացմունքային է մոտեցել գործիքավորմանը՝ նոր հարմոնիկ լուծումներ են տրվել ու չփոխելով բոլորի կողմից սիրված մեղեդային գիծը՝ թարմացրել երաժշտական կոմպոզիցիան։
Միքայել Ոսկանյանը փաստում է՝ հոլովակը նկարահանվել է բարդ ժամանակաշրջանում, երբ կարանտինի պատճառով փակ էին բոլոր մշակութային հաստատությունները, և մյուս կողմից՝ ցավով ընդգծում է, որ այս թանգարանն այդքան էլ շատ այցելուներ չունի։ Եվ գաղափարի հիմքում հետևյալ միտքն է՝ յուրահատուկ կերպով նպաստել հայ գրողների տուն-թանգարանների հանրահռչակմանը՝ միևնույն ժամանակ ինքնատիպ գործիքավորմամբ կատարելով տվյալ գրողների տեքստերի հիման վրա գրված գործերը, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում։
Նշենք, որ հաջորդ տեսահոլովակը MVF Band-ը և Ալբերտ Սարգսյանը ցանկանում են նկարահանել Հովհաննես Թումանյանի թանգարանում։
Բացի այս նախագծից, MVF Band-ը ռուսական Ural Music Night փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել։ Ամեն տարի ճանաչված փառատոնը հյուրընկալում է ավելի քան 200-300 հազար երաժշտասերի՝ աշխարհի տարբեր երկրներից, փառատոնը նախորդ տարի անցկացվել է 80-ից ավելի բեմերում և ունեցել 2500 մասնակից-արտիստ։ Այս անգամ այն տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։
Չնայած կորոնավիրուսային համավարակին՝ MVF Band-ը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել և մինչև տարեվերջ թողարկելու է նոր ալբոմ և իրականացնելու է բազում նոր ծրագրեր։