25/08/2020 11:52
ԵՊՀ հոգաբարձուների նիստը լուսաբանել չի թույլատրվում պարետի որոշման պատճառով. ԵՊՀ ներկայացուցիչ
Քիչ առաջ ԵՊՀ բակում սպասող լրագրողներին մոտեցավ համալսարանի ներկայացուցիչը և նշեց, որ հոգաբարձուների խորհրդի նիստին ներկա գտնվել վերջիններիս թույլ չեն տալիս պարետի որոշման պատճառով, այն է՝ դահլիճում 40 հոգուց ավելի չպետք է լինի:
ԵՊՀ ներկայացուցչի խոսքով՝ խորհրդի անդամների թիվն արդեն իսկ 30-ից անց է, և իրենք անդամ չհանդիսացող բոլոր անձանց խնդրել են լքել նիստերի դահլիճը: Որպես փոխզիջումային տարբերակ՝ լրագրողներին մոտեցած անձն առաջարկեց կամ տեսախցիկները տեղադրել նիստերի դահլիճում և դրսում սպասել՝ մինչև միջոցառման ավարտը, կամ մեկ լրատվամիջոցի արտոնել ներսում գտնվել՝ հեռարձակումը վերջինիցս վերցնելու պայմանով:
ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց հերթին առաջարկեցին գոնե աթոռներ տեղադրել միջանցքում, որտեղից նիստին հետևելու հնարավորություն կունենան: ԵՊՀ ներկայացուցիչը խոստացավ այս առաջարկը ներկայացնել ԵՊՀ ղեկավարությանը և ավելի ուշ տեղեկացնել՝ հնարավո՞ր է գործընթացը նման կերպ կազմակերպել, թե ոչ:
Մի քանի րոպե անց վերադառնալով՝ նշված անձը տեղեկացրեց, որ հոգաբարձուների կոլեգիալ որոշման համաձայն՝ նիստը կնկարահանվի ԵՊՀ լրատվական ծառայության կողմից, ինչից հետո տեսագրությունը հասանելի կլինի ԶԼՄ-ներին:
ԵՊՀ ներկայացուցիչը, լսելով իր հայտարարությանը հետևած լրատվամիջոցների դժգոհությունը, թե ինչու են լրագրողների հրավիրում, եթե մուտքից ներս չեն թողնելու, առաջարկեց նման հարցադրմամբ դիմել ԵՊՀ մամուլի խոսնակին, ով էլ տարածել է միջոցառման հրավերը: