26/08/2020 13:23
Չէի ցանկանա, որ չափազանցություններ կիրառենք. Վրացական ինտերնետ–պրովայդերի բաժնետոմսերի 49% վաճառքը Ադրբեջանին չի սպառնա ՀՀ տեղեկատվական անվտանգությանը. նախարար
Վրացական «Caucasus Online» ինտերնետ–պրովայդերի մագիստրալային կապուղու բաժնետոմսերի 49%–ի վաճառքը ադրբեջանական NEQSOL ընկերությանը Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը չի սպառնա, կարծում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Վրաստանի մեր գործընկերների մոտ իրավիճակը հետևյալն է եղել, որ ընկերություններից մեկն օտարման գործընթաց է սկսել` ըստ մեզ հասած տեղեկությունների, որը կարգավորող հանձնաժողովի կողմից չի ընդունվել և ըստ այդմ իրավական գործընթացներ են սկսվել: Սա է ամբողջ պատմությունը», - ասաց նախարարը։
Հակոբ Արշակյանի խոսքով՝ այդ պատմության մեջ հիմնական որոշակի շեշտադրումներ կան՝ Հայաստանի ինֆորմացիոն անվտանգության հետ կապված, որոշակի մտահոգություններ կան ինտերնետի հասանելիության հետ կապված:
«Ես չէի ցանականա, որ մենք չափազանցություններ կիրառենք այս մասով: Մեր վրացի գործընկերները կոնկրետ պրոցեսի մեջ են: Ես չէի ցանկանա նույնիսկ դա մեկնաբանել, որովհետև դա իրենց երկրում կոմերցիոն գործարքի և կարգավորվող գործարքի ընթացք է, որին մենք ուշադիր հետևում ենք, տեսնենք, թե ինչով կավարտվի», - նշեց Հակոբ Արշակյանը:
«Caucasus Online» ընկերությունը Սև ծովի հատակով Վրաստանից դեպի Բուլղարիա գնացող օպտիկական մալուխի օպերատոր է։ Սա ինտերնետ–թրաֆիկի խոշորագույն կապուղի է Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև։
Նշենք, որ «Caucasus Online» ընկերության 49% բաժնետոմսերը օրենքի խախտմամբ վաճառվել են ադրբեջանական ընկերությանը 61 մլն դոլարով։ Այժմ Վրաստանի ազգային կոմունիկացիոն հանձնաժողովը կարող է վրացական պրովայդերին ստիպել, որ վերադարձնի 49 տոկոս բաժնետոմսերը: