27/08/2020 09:55
«Ժողովուրդ». Դասապրոցեսի կազմակերպման կարգի շուրջ բողոքների պատճառով հնարավոր է նոր որոշում լինի
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի կազմակերպման կարգի շուրջ բողոքները շարունակվում են: Եվ ըստ երևույթին բողոքներն այնքան շատ են թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների ծնողների կողմից, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է կրկին քննարկել մի շարք դրույթներ, որոնք առկա են եղել ուղեցույցում։ Խոսքը վերաբերում է նաև դպրոցներում աշակերտների կողմից դիմակ կրելու պահանջին: Ինչպես հայտնի է, մոտ տասը օր առաջ ԿԳՄՍՆ-ն դպրոցներ է ուղարկել ուղեցույցները, որոնցում մանրամասն ներկայացված է, թե ինչպես պետք է անցկացվի դասապրոցեսը սեպտեմբերի 15-ից, որում նաև պարտադիր պահանջ է եղել հենց դիմակի կրումն աշակերտների կողմից: Այս դրույթը, թերթի տեղեկություններով, դժկամությամբ է ընդունվել ավելի ցածր դասարանի աշակերտների ծնողների կողմից, որոնք տարակուսել են, թե ինչպես կարող են փոքրերը մի քանի ժամ շարունակ դիմակ կրել:
Բանն այն է, որ նախարարության հրապարակած ուղեցույցով դպրոցում գտնվելու ամբողջ ընթացքում աշակերտները և անձնակազմը դիմակներ պետք է կրեն, դասերի ժամանակը կրճատելու համար շաբաթ օրը նույնպես դպրոցական կլինի։ Դասարաններում աշակերտների թիվը չպետք է գերազանցի 20-ը. եթե նրանք ավելի շատ են, դասարանները խմբերի կբաժանվեն, յուրաքանչյուր խումբ դասի կգնա շաբաթական 3 օր: Եվ, ահա դպրոցների տնօրենները բոլոր բողոքները հավաքագրել են և ուղարկել նախարարություն, որտեղից էլ որոշել են զիջումների գնալ և հավելյալ քննարկում անցկացնել: Եվ նախարարությունը մինչև սեպտեմբերի 15-ը նոր որոշում կունենա, թե ինչ պետք է անել համատարած դիմակ կրելու փոխարեն:
Հանրակրթական հաստատություններում նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, գրքեր են բաժանում, ախտահանող նյութեր ստանում, սակայն դեռ հստակ չեն պատկերացնում՝ ինչպես պետք է պահպանեն անհրաժեշտ սոցիալական հեռավորությունն ու դասերն անցկացնեն նոր կանոններով: Այնպես որ, չի բացառվում՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը նոր փոփոխություններ լինեն: