27/08/2020 16:54
Աշխարհում ոչ մի հեղափոխություն չի վերցրել մեկից տվել մյուսին. եթե վերցրել է, ապա վերջում փոշիացրել է․ Ռոբերտ Քոչարյան
Մեկից վերցնել մյուսին տալը պոպուլիստական բանաձև է, որը կիրառվում է, տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Աշխարհում ոչ մի հեղափոխություն չի վերցրել մեկից տվել մյուսին։ Եթե վերցրել է, ապա վերջում փոշիացրել է և ոչ մեկին փայ չի հասել։ Մեկից վերցնել մյուսին տալը պոպուլիստական բանաձև է, որը կիրառվում է և, ցավոք, մեր ժողովրդի մի մասն ընկալում է դա ու ընդունում է որպես ճշմարտություն», - նշել է նա։
Անդրադառնալով կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված տնտեսական վնասները և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը մեղմելու նպատակով կառավարության կողմից մշակված աջակցության ծրագրերին՝ Քոչարյանն ասել է․
«Ամենից վատն այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես այս մարդկանց լավություն անելու քայլ։ Դուք լավություն չեք անում, դուք ձեր պարտքն եք կատարում որպես կառավարություն։ Եթե այս պայմաններում այդ քայլերը չանեք, ապա ինչո՞վ պիտի զբաղված լինեք ընդհանրապես»։
Վերջինս ընդգծել է, որ այդ գումարները կառավարության գրպանից չեն վերցվել և պետք է ճիշտ կառավարվեն․
«Դժվար պահերին, այո, պիտի մարդկանց, բիզնեսների կողքին կանգնեն։ Քայքայված բիզնեսը մեկ-երկու ամսում չի ստացվելու վերականգնել, տարիներ է պահանջվելու։ Գիտե՞ք ինչու նաև չեն հասկանում, որովհետև ոչ մեկը կյանքում հինգ աշխատատեղ չի ստեղծել», - ասել է նա։