27/08/2020 17:44
Ամուլսարի հարցում դիրքորոշում չհայտնելն ուղղակի արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի. Քոչարյան
Այն, ինչ կատարվում է Ամուլսարի հետ, ոչ միայն հանքարդյունաբերության հարց է, այլև պետական կառավարման ձախողման, տնտեսական թեմաներով քննարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Իհարկե, անընդունելի է, որ մի խումբ մարդիկ շատ բարի նպատակներով անօրինական ձևով արգելափակում են ընկերության գործունեությունը: Այստեղ պետությունն իրոք անելիք ունի: Եթե չպետք է աշխատի, այդ որոշումը պետք է պետությունը կայացնի, այլ ոչ թե մարդիկ երկու տարի տնակներում սար են պահում: Հասկանում եմ այդ մարդկանց, բնապահպանների էմոցիոնալ վիճակը, բայց սա ուղղակի արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Նա միաժամանակ շեշտեց՝ եթե կա անգամ փոքր բնապահպանական ռիսկ, ուրեմն հանքը չպետք է շահագործել:
«Ինչքան ես հասկանում եմ, ոչ մեկը չի հայտարարում, որ չկան ռիսկեր: Ես ենթադրում եմ, որ կան ռիսկեր, բայց որոշումը պետք է կայացնի պետությունը: Պարգևավճար, աշխատավարձ ստանում եք որոշում կայացնելու համար, որոշում կայացրեք: Միաժամանակ, չի լինելու որոշում, որը բոլորին կբավականեցնի», - ասաց Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ Ջերմուկից քիչ հեռավորությամբ բաց հանքի շահագործումը, որը ենթադրում է պայթեցումներ, անթուլատրելի է, անթույլատրելի է նաև հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը:
«Կարելի է առաջարկել հանքի փակ շահագործում և հարստացուցիչ ֆաբրիկայի հեռացում: Համոզված եմ՝ ոսկու այս գների պարագայում կհամաձայնեն: Չհամաձայնեն՝ այլ ընկերություն կհամաձայնի: Բայց չեն առաջարկում, հաշվարկ չեն անում», - ասաց նա: