27/08/2020 19:12
Իրացման ցանցում խախտվում են պարտադիր ջերմաչափման, ախտահանման և այլ կանոններ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված իր վերահսկողական աշխատանքները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Օգոստոսի 27-ին կարգազանց են գտնվել առավելապես իրացման ցանցի տնտեսավարողները:
Երևանում դիտարկված մի շարք խանութներում արձանագրվել են թերացումներ, որոնք, ենթադրվում է, այլևս չպետք է թույլ տրվեին. դրանցից մեկում աշխատակիցների ջերմաչափում չի իրականացվել, նաև ոչ պատշաճ են կրել դիմակները, իսկ այլոց մոտ նկատվել են ախտահանման կամ ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացման, ախտահանիչ նյութերի բացակայության դեպքեր:
Խախտումներ հայտնաբերվել են նաև մարզային ստուգայցերի ժամանակ:
Բոլոր խախտումների վերաբերյալ արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
ՍԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է չթուլացնել զգոնությունն ու պահպանել սահմանված անվտանգության նորմերը` հիշեցնելով, որ խախտումների արձանագրմանն անխուսափելիորեն կհետևի վարչական պատասխանատվության կիրառումը ՀՀ պարետատան կողմից։