28/08/2020 12:30
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարական է տվել
65-ամյա Սինձո Աբեն, որը Ճապոնիայի կառավարությունը ղեկավարում էր 2012 թվականից, հեռանում է պաշտոնից: Նա այս որոշումը բացատրել է իր առողջական վիճակով, հայտնում է NHK- ն:
Աբեն 2000-ականների սկզբից Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության անդամ էր: 2006-ի սեպտեմբերից 2007-ի սեպտեմբերը նա ղեկավարում էր կառավարությունն ընտրություններում իր կուսակցության հաջողությունից հետո՝ 52 տարեկանում դառնալով Ճապոնիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը: Այնուամենայնիվ, իր կաբինետի ժողովրդականության արագ անկման պայմաններում, Աբեն պաշտոնաթող էր եղել նշանակումից մեկ տարի անց: Այնուհետև նա նաև առողջական վիճակով էր բացատրել իր հրաժարականը:
2012-ին Աբեն ստանձնել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը և կրկին հաղթել ընտրություններում: Վարչապետի պաշտոնում զբաղեցրած ութ տարիները ռեկորդային ժամկետ են Ճապոնիայում:
Ինչպես գրում է «Mainichi»-ն՝ Աբեի վիճակը վատացել է նրա քրոնիկ հիվանդության՝ խոցային կոլիտի պատճառով: Այս հիվանդության սրման հետ կապված է 2007 թվականին եղել է նրա առաջին հրաժարականը, գրում է թերթը:
Հինգ տարի անց, վարչապետի պաշտոնում վերստին նշանակվելուց հետո, Աբեն հայտարարել է, որ իրեն հաջողվել է հաղթել հիվանդությունը: Սակայն 2020-ի ամռանը նրա վիճակը նորից սկսել է վատթարանալ: 65-ամյա վարչապետն օգոստոսին մի քանի անգամ դիմել է բժիշկներին: