28/08/2020 21:37
Թուրքիան հուլիսի վերջին Երևան ուղևորվող Գերմանիայի ԶՈՒ օդանավի թռիչքի թույլտվություն չի տվել
Թուրքիան հուլիսի վերջին «արգելափակել է Բունդեսվերի առաքելությունը»՝ թույլ չտալով Գերմանիայի Զինված ուժերի օդանավի թռիչքն իր օդային տարածքով, քանի որ այն ուղևորվում էր Երևան, հայտնում է Spiegel ամսագիրը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Պարբերականի տեղեկությունով՝ Թուրքիայի օդային կարգավորիչները «ինքնաբուխ և առանց բացատրության» հրաժարվել են թույլ տալ, որ ինքնաթիռը անցնի թուրքական օդային տարածքով: Արդյունքում Քյոլնից մեկնարկած Airbus 310-ը ստիպված է եղել վերադառնալ բազա:
Նշվում է, որ օդանավն ուղևորվում էր Երևան՝ հայ զինծառայողներին ուսման նպատակով Գերմանիա տեղափոխելու համար:
Ըստ պարբերականի՝ ավելի ուշ Թուրքիան չի մեղմել իր դիրքորոշումը, և օգոստոսի կեսերին գերմանական օդուժը ստիպված է եղել կատարել ընտրություն հօգուտ «շատ ավելի երկար երթուղու»:
Այդ ժամանակ օդանավը, որը նախատեսում էր տեղափոխել հայ զինծառայողներին, թռչել է Ռուսաստանի օդային տարածքով: