28/08/2020 16:23
Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում․ Դավիթ Տոնոյան
Ծառայողական քննության արդյունքում կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել, խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։
«Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում։ Արդյոք մեր զինծառայողը առևանգվել է, թե այլ պայմաններ են եղել, պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք», - ասաց նա՝ ավելացնելով, որ այս պահին հայկական կողմի պահանջն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության կողմից հայ սպային այցելելն է։
Ավելի վաղ ՊՆ տարածած տեղեկության համաձայն՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոլորված քաղաքացուն ներկայացրել է որպես դիվերսանտ։