28/08/2020 18:41
Տեսչական մարմինը Կենտրոն վարչական շրջանում խախտումներ է արձանագրել
Օգոստոսի 28-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող հերթական մշտադիտարկումն անցկացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում, պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում։
Լայնածավալ դիտարկումների ընթացքում հայտնաբերված խախտումների բնույթը նույնն է. չի պահպանվել անձանց միջև սոցիալական հեռավորություն, գրանցվել են դիմակը ոչ ճիշտ կրելու, նաև չկրելու դեպքեր։ Տեսուչները տեղում տվել են ցուցումներ, ոստիկանները կազմել դիմակ չկրելու վերաբերյալ արձանագրություններ։
Աշխատանքային խմբերը շարունակել են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկումները։
ԲԸՏՄ անակնալ ստուգայցերն ու մշտադիտարկումները շարունակվում են հանրապետության մարզերում և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում։