29/08/2020 12:00
Շվեդիայում Ղուրանն այրելու պատճառով անկարգություններ են սկսվել
Շվեդիայի Մալմյո քաղաքում անկարգություններ են սկսվել այն պատճառով, որ ակտիվիստներն այրել են Ղուրանը: Այդ մասին հայտնում է շվեդական SVT հեռուստաալիքը:
Խռովությունները բռնկվել են օգոստոսի 28-ի երեկոյան և շարունակվել գիշերը: Անկարգության մասնակիցները վառել են հրավառության պարագաներ, հրկիզել մեքենայի անվադողեր և աղբ:
Ըստ հեռուստաալիքի՝ ձերբակալվել է մոտ 20 մարդ: Բացի այդ, ոստիկանության մի քանի աշխատակից թեթև վնասվածք է ստացել: Բնակչության շրջանում զոհերի մասին դեռ տեղեկություններ չեն ստացվել:
Ինչպես հայտնի է դարձել, դանիական աջ ծայրահեղական «Կոշտ կուրս» կուսակցության անդամները քաղաքում անցկացրել են հակաիսլամական ակցիա, որի ընթացքում այրել են Ղուրանը: Նրանք նկարահանել են իրենց գործողությունները, որից հետո տեսանյութը տեղադրել են սոցիալական ցանցերում, ինչն էլ հանգեցրել է անկարգությունների: