31/08/2020 17:57
Բայդենը Թրամփին մեղադրել է ամերիկյան հասարակության մեջ ատելություն հրահրելու համար
ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Զո Բայդենը դատապարտել է բռնությունները Պորտլենդում (Օրեգոն նահանգ) անկարգությունների ժամանակ, և Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին մեղադրել ամերիկյան հասարակության մեջ ատելություն և պառակտում հրահրելու համար:
«Մահվան հանգեցրած բռնությունը, որը մենք տեսանք անցած գիշեր Պորտլենդում, անընդունելի է: Անընդունելի է կրակել ամերիկյան մեծ քաղաքի փողոցներում: Ես անվերապահորեն դատապարտում եմ այդպիսի բռնությունը: Եվ կոչ եմ անում Դոնալդ Թրամփին նույնն անել», - հայտարարել է Բայդենը:
«Մենք՝ որպես երկիր, պետք է դատապարտենք ատելության և դժգոհության հրահրումը, որը հանգեցրել է այս մահացու բախմանը: Եթե ինչ-որ մեկը փորձում է ծեծկռտուք սկսել, դա արդեն խաղաղ բողոք չէ: Նախագահ Թրամփի կարծիքով ի՞նչ տեղի կունենա, եթե նա շարունակի բորբոքել ատելության և պառակտման կրակը մեր հասարակության մեջ և օգտագործել վախի քաղաքականությունն՝ իր համակիրներին հրահրելու համար: Նա անմտորեն խրախուսում է բռնությունը»,- ասել է քաղաքական գործիչը:
Նա նշել է, որ Թրամփը չի կարողանում կատարել նախագահի աշխատանքը, քանի որ նրա հռետորաբանությունը հասարակական լարվածության աճի է հանգեցնում, մինչդեռ պետության ղեկավարի պարտականությունն է «իջեցնել ջերմաստիճանը» հասարակության մեջ և հաշտեցնել տարաձայնություններ ունեցողներին:
Բայդենը նաև ցավակցություն է հայտնել մարդու մահվան կապակցությամբ անցած գիշեր Պորտլենդում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: