31/08/2020 19:28
Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և չի կարող սահմանափակվել որևէ բանով. Մնացականյան
Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և չի կարող սահմանափակվել որևէ բանով, «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հայաստանը տարածաշրջանային անվտանգության պատասխանատու մասնակից է: Եվ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը որևէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ», - ասել է Մնացականյանը:
«Ռազմատեխնիկական ոլորտում մեր փոխգործակցությունը հիմնված է փոխադարձ անվտանգության շահերի վրա և իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող համաձայնագրերի, պայմանավորվածությունների և աշխատանքային ծրագրերի հիման վրա», - նշել է նա՝ ընդգծելով, որ «Ռուսաստանը չի խաթարում տարածաշրջանում հավասարակշռությունը»:
Ըստ ՀՀ ԱԳՆ ղեկավարի՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակցային փոխազդեցություն է:
«Այսինքն՝ այստեղ հարց ու սահմանափակում չի կարող լինել», - հայտարարել է Մնացականյանը:
Պատասխանելով հարցին՝ արդյոք իրեն մտահոգո՞ւմ է Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը, նախարարն ասել է.
«Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը փոխգործակցության իր տրամաբանությունն ունի, այն կառուցված է դաշնակցային հիմքերի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին և այս ոլորտում համագործակցությանը, կցանկանայի նշել, որ Ադրբեջանն ամեն կերպ ավելացնում է իր ռազմական ներուժը՝ փորձելով համոզել սեփական բնակչությանը և համաշխարհային հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ներուժ ունի»:
«Իր ռազմական ներուժի կայացման ադրբեջանական տրամաբանությունն ուղղված է հակամարտության ռազմական լուծմանը, որը վտանգ է ներկայացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար», - ասել է Մնացականյանը:
Նա հայտնել է, որ Երևանը բարձրացնում է այդ հարցը ռուս գործընկերների հետ շփումների ընթացքում:
«Մենք բացահայտ և անկեղծորեն քննարկում ենք բոլոր հարցերը ռուսական կողմի հետ. մենք ունենք դաշնակցային հարաբերություններ», - ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: