31/08/2020 19:02
Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են. Զոհրաբ Մնացականյան
Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են, «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Համանախագահների աշխատանքը կասկածի տակ առնելու ցանկացած փորձ, որն, ի թիվս այլ բաների, էական զսպող գործոն է էսկալացիայի առումով, ինչպես նաև առկա ձևաչափի վրա ճնշում գործադրելն, անընդունելի է», - ասել է Մնացականյանը:
Ըստ նրա՝ «տարիների ընթացքում մշակվել է մի ամբողջ մեխանիզմ, տարբեր կարգավուումների և մոտեցումների մի ամբողջ համակարգ, որոնք ապահովում են այն շրջանակը, որտեղ հնարավոր է մշակել փոխզիջում, շոշափելի և իրական փոխզիջում»:
«Այս իմաստով մենք շարունակում ենք և շարունակելու ենք աջակցել այս միջնորդական ձևաչափին», - նշել է Մնացականյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ջանքերը «շատ արդյունավետ էին, դա դրսևորվել է ինչպես հուլիսյան իրադարձությունների ժամանակ, այնպես էլ՝ դրանցից առաջ»:
«Համոզված եմ, որ Ռուսաստանի ներգրավվածությունը բոլոր մակարդակներում ընդգծում է այդ գործընթացի նկատմամբ Ռուսաստանի լրջությունը և այն կարևոր ներդրումը, որ Ռուսաստանն ապհովում է մյուս համանախագահների հետ խաղաղ կարգավորման գործընթացում», - ասել է ՀՀ արտգործնախարարը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումներին՝ նախարարը նշել է, որ դա համարում է փորձ՝ «ուժ գործադրելով և ռազմական գործողություններով Հայաստանին և Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու առումով»:
Ինչպես նշել է Մնացականյանը՝ «Հայաստանը վճռականորեն մերժել է այս ագրեսիան՝ վերահաստատելով, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»:
Նա համաձայն չէ որոշ փորձագետների կարծիքի հետ, թե Հայաստանի համար շահավետ չէ հակամարտության կարգավորման ուղիներ որոնելը:
«Ե՛վ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ: Դա հնարավոր է փոխզիջումների հիման վրա խաղաղ համաձայնության գալով: Միակողմանի զիջումները բացառվում են, դրանք չեն կարող հեռանկար ունենալ», - ընդգծել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: