31/08/2020 14:20
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի ԲԿ-ն վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին․ 67 պացիենտ տեղափոխվում է Երևան
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
«Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալ:
Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումը իրականացնելու է առողջապահության նախարարությունը:
Հավելեմ նաև, որ Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման):
Այս պահին մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը», - գրել է Նիկողոսյանը: