31/08/2020 14:47
«Ֆրեսկոյի» շրջանակներում մեկնարկեց Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքը
Երևանի Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում շարունակվում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակներում օգոստոսի 29-ին տեղի ունեցավ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքից առաջինը։
Համերգի ընթացքում Հախվերդյանի և ընկերների կատարմամբ հնչեցին սիրված և ճանաչված «Հեքիաթ», «Երջանկություն», «Պոետները և շները», «Սպիտակ Աղավնի», «Երևանի գիշերներում» և մի շարք այլ ստեղծագործություններ։
Երգիչ, երգահանն ինքն իր 70-ամյակը նշելու գաղափարի հետ այնքան էլ հաշտ չէ, քանի որ իր խոսքում նշեց, որ չի զգում տարիքը։
«Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնի և «Բարդերի ակումբ»-ի գեղարվեստական ղեկավար, երգահան Վախթանգ Հարությունյանի խոսքով՝ հասարակության համար կարևոր դեր խաղացած մարդու՝ Ռուբեն Հախվերդյան երևույթի, 70-ամյակը հարկավոր է ըստ արժանվույն անցկացնել, և այս կապակցությամբ նախատեսված համերգների շարքը կշարունակվի Երևանի տարբեր հատվածներում, ինչու չէ՝ նաև Հայաստանի տարբեր մարզերում։
Հիշեցնենք, որ փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։