31/08/2020 14:13
Եթե Քովիդ-19-ի մահացությունը բարձր է, դու լավ ղեկավար չես. Անուշ Սեդրակյան (Տեսանյութ)
Ինչ օգուտ քո լավ ղեկավար լինելուց, եթե քո Քովիդ-19-ի մահացությունը բարձր է։ Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով հարցին՝ արդյոք լավ ղեկավարը պետք է «ժողովրդի ծոցից դուրս եկացած լինի», ասել է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։
«Ես, ճիշտն ասած, սնոբ եմ և կրթական էլիտիստ, այսինքն՝ ես համարում եմ, որ դու նախ պետք է իմանաս լավի քո կոնցեպցիան որն է. մարդ կա, ում համար լավը մի փոր հացն է, ինչը կա նաև մեր ժողովրդի հոգեբանության մեջ՝ «որտեղ հաց՝ այնտեղ կաց», մարդ կա, որի համար լավն անարգել կաշառք վերցնելու կարողությունն է։ Եվ կա մի ուրիշ բան, որ լավը պետական հստակ ստրուկտուրաներն են, որոնք աշխատում են ոչ թե ի բարօրություն ժողովրդի, քավ լիցի էլի, այլ, որ ապահովեն ժողովրդի ազատ աշխատելու և ազատ ապրելու, հանգիստ աշխատելու իրավունքը։ Հիմա՝ «ժողովրդի ծոցից դուրս գալը» ես մի քիչ լավ չեմ պատկերացնում մի պարզ պատճառով, որ «ժողովրդի ծոցից դուրս եկած» մարդը որպես կանոն ուզում է ժողովրդին թողնել իր սեփական «ծոցում», իսկ ես համարում եմ, որ այդտեղից պետք է քիչ-քիչ դուրս գալ», - նշել է Անուշ Սեդրակյանը։
Նրա խոսքով՝ կա պրոգրեսի լուրջ խնդիր նաև այն առումով, որ միշտ պրոգրեսի տակ նկատի ենք ունենում հիմնականում արտաքին ցուցիչները։
«Պրոգրեսն ինձ համար գիտելիքի լուրջ չափաբաժնի անընդհատ ավելացումն է և դրա համեմատությունը նախորդ գիտելիքների և ուրիշների գիտելիքների հետ։ Ասում է՝ ինչ օգուտ քո լավ ղեկավար լինելուց, եթե քո Քովիդ-19-ի մահացությունը բարձր է։ Դու կարող ես ում ծոցից ուզում ես դուրս գալ կամ ավարտել բոլոր միջազգային հնարավոր «ծոցերը», եթե արդյունքն այն է, որ Քովիդ-ի մահացությունը բարձր է, դու լավ ղեկավար չես», - ասել է Անուշ Սեդրակյանը։