31/08/2020 14:07
Բացօթյա բարեգործական համերգ՝ ի աջակցություն Բեյրութի
Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ գրեթե հինգ ամիս դադարից հետո Երևանում տեղի կունենա մեծամասշտաբ մշակութային իրադարձություն:Սեպտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովի հյուրընկալ այգում կկայանա Վերդիի ‹‹Տրավիատա›› օպերայի համերգային կատարումը:
Այս միջոցառմամբ ցանկանում ենք մեր մշակութային զորակցությունը հայտնել վերջերս պայթյունից տուժած Բեյրութին, որը հայտնի է նաև ‹‹Արևելքի Փարիզ›› անվամբ: Տոմսերի ողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերանորոգմանը: Հավաքված գումարը նվիրաբերվելու է ՀԲԸՄ-ին, որն իր հերթին կրկնապատկելով այն, իրականացնելու է վերանորոգման աշխատանքները:
Վերդիի ամենահայտնի այս փարիզյան սիրո պատմության գլխավոր հերոսներն են միջազգային ճանաչում ունեցող օպերային աստղեր Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) և Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն):
Դերերում հանդես կգան նաև Նարինե Անանիկյանը (Ֆլորա), Հովհաննես Անդրեասյանը (Գաստոն), Աշոտ Ղանթարջյանը (Բարոն Դյուֆոլ), Պողոս Բիազբեկյանը (Մարկիզ դ’Օբինյի), Հովհաննես Ներսեսյանը (Բժիշկ Գրենվիլ), Լուսինե Օրդուխանյանը (Անինա):
Օպերայի «Փարիզյան հասարակությանը» կներկայացնի Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:
Տեղերը սահմանափակ են, միջոցառման ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր պայմանները:
Տոմսերը վաճառվում են միայն առցանց: