01/09/2020 13:33
Քաղաքապետարանը ոչ թե միկրոավտոբուսներ, այլ մինի ավտոբուսներ է ձեռք բերում. Հակոբ Կարապետյանը՝ Խաժակյանի գրառման մասին
Երևանի քաղաքապետարանը խոստացված ավտոբուսների փոոխարեն գնում է ոչ թե միկրոավտոբուսներ, ինչպես իր գրառման մեջ նշել է Դավիթ Խաժակյանը, այլ ավտոբուսներ: Թե ինչ մակնիշի են լինելու դրանք, ես չգիտեմ: Ավտոբուսները կարող են լինել ГАЗ գործարանի արտադրության կամ ուրիշ մակնիշի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Մենք ոչ թե բառախաղերով ենք զբաղվում, ինչպես պարոն Խաժակյանն է փորձում իմ տպավորությամբ անել, այլ քաղաքն ավտոբուսներ է պատվիրում: Ձեռք բերվելիք մեքենաները միկրոավտուբուսներ չեն, այլ փոքր տեղատարողությամբ «Gazel city next» մինի ավտոբուսներ՝ 2020 թվականի արտադրության: Փորձ է արվում լրատվական պղպջակների միջոցով ֆոն ստեղծել, որ քաղաքային իշխանությունը ձախողել է տրանսպորտային ռեֆորմը:
Սակայն իրականությունն այն է, որ քաղաքային իշխանությունն այս փուլում պատվիրել է 100 փոքր ավտոբուս: Եթե մրցույթի արդյունքում կհաղթի «Գազել», X, Y, թե Z ընկերությունը, քաղաքի համար դա էական չէ: Քաղաքը պատվիրում է պայմաններ, ոչ թե մակնիշ: Եթե կհաղթի «Գազել» ընկերությունը, ուրեմն այն համապատասխանում է սահմանված չափանիշներին», - նշեց մեր զրուցակիցը:
Հակոբ Կարապետյանի խոսքով՝ հայտարարված մրցույթն արդեն ավարտվել է, երեկ փաթեթը բացվել է: Մրցույթին մասնակցել է երկու կազմակերպություն, սակայն գնահատող անձնաժողովը դեռ որոշում չի կայացրել:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ երևանցիների վճարած հարկերից քաղաքապետրանը գնում է նոր գազելներ՝ յուրաքանչյուրի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ: