01/09/2020 11:22
Չգիտեմ ինչից է ենթադրությունը վերցված, որ պետք է քաղաքում կամ համայնքներում շրջեն զինված մարդիկ, նման բան գոյություն չունի. Փոխնախարարն՝ աշխարհազորի մասին (տեսանյութ)
Ինձ մոտ տպավորություն է, որ քննադատողնեը չեն կարդացել աշխարհազորի մասին նախագիծը, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Դուք չեք տեսնի, թե որևէ տեղ գրված է, որ քաղաքացիներին ազատ շրջանառության զենք է տրվելու, աշխարհազորը, ենթադրվում է, որ համապատասան ներգրավվումը լինելու է բացառապես մարտական գործողությունների, ռազմական անմիջական սպառնալիքի առկայության դեպքում», - ասաց նա։
Գաբրիել Բալայանը նշեց, որ զենքը, սպառազինությունը բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիական անձանց միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ բնակավայրում։
«Չգիտեմ ինչից է ենթադրությունը վերցված, որ պետք է քաղաքում կամ համայնքներում շրջեն զինված մարդիկ, նման բան գոյություն չունի, այո, մենք ենթադրում ենք, որ սպառազինության քանակը համապատասխան կցագրման վայրերում ավելացնելու ենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք զենքը բաժանել», - ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարարը։
Բալայանի խոսքով՝ այս նախաձեռնությունը միտված է պատրաստելու բնակչությանը հնարավոր մարտական գործողություններին։
Նա ասաց, թե նախատեսում են մինչև 70 տարեկան անձանց ընդգրկել աշխարհազորում։
«Նրանք ստանալու են համապատասխան հանձնարարություն, օգտվելու են համապտասխան սոցիալակն երաշխիքներից», - եզրափակեց խոսքը փոխնախարարը: