01/09/2020 09:48
«Ժողովուրդ». ՊՆ-ում փաստաթղթերում ներառել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ազգային Անվտանգության ծառայությունը Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց իրականացրած գործունեության մասով նոր բացահայտում է արել: Մասնավորապես, ԱԱԾ բացահայտել է, որ իրավաբանական անձ հանդիսացող ընկերությունը 2019թ. մայիս-հունիս ամիսներին, մասնակցելով ՀՀ ՊՆ շենքերի շինությունների ընթացիկ արտաքին ջրագծերի, ինչպես նաև օդափոխության համակարգի նորոգման աշխատանքների համար հայտարարված բաց մրցույթներին, ճանաչվել է հաղթող:
Արդյունքում, 2019թ. հուլիսի 13-ին և 31-ին նշված ընկերությունը ՊՆ հետ կնքել է պայմանագրեր 150 մլն դրամի չափով, որով ընկերությունը պարտավորվել է զորամասերում իրականացնել նորոգման աշխատանքներ, սակայն չկատարելով իր պայմանագրային պարտավորությունները, նախնական համաձայնության գալով ՀՀ ՊՆ իրավասու պաշտոնատար անձանց հետ, փաստաթղթերում ներառել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ ու ուռճացրել կատարված աշխատանքների ծախսերը՝ պետությունից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի` խարդախության, 325 հոդ. 1-ին մասի` Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, 314 հոդ. 1-ին մասի` Պաշտոնեական կեղծիք, 375 հոդ. 3-րդ մասի` իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, հատկանիշներով: