01/09/2020 18:48
Բրազիլիայի նախագահը սեպտեմբերին վիրահատվելու է
Բրազիլիայի 65-ամյա նախագահ Ժաիր Բոլսոնարուին սեպտեմբերին երիկամի քարի հեռացման վիրահատություն է սպասվում: Այս մասին հայտարարել է «CNN Brasil» հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքական գործչի հայտարարությանը:
Ըստ հեռուստաալիքի՝ երկուշաբթի երեկոյան պետության ղեկավարը հետազոտվել է ուլտրաձայնային հետազոտության միջոցով: Նրա երիկամում «լոբու հատիկից մի փոքր ավելի մեծ քար է հայտնաբերվել»: Նախագահը չի դժգոհում իր առողջական վիճակից՝ առողջության հետ կապված այս խնդիրը վերագրելով տարիքին:
Բոլսոնարուն հուլիսին վարակվել էր կորոնավիրուսային վարակով: Բրազիլիայի առաջնորդի խոսքով՝ ինքն իրեն վատ է զգացել միայն հիվանդության առաջին օրերին, ինչից հետո սկսել է հիդրոքսիքլորոքին օգտագործել՝ չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ավելի վաղ եզրակացրել էր, որ դեղամիջոցը դրական ազդեցություն չունի կորոնավիրուսով հիվանդների դեպքում:
Հուլիսի 25-ին նա հայտարարել էր ապաքինման մասին: