01/09/2020 13:12
Խաղողը ինքնարժեքով հանձնելու դեպքում ընտանիք չենք կարող պահել. խաղողագործները բողոքում են մթերման ցածր գնից
Արմավիրի մարզի Սարդարապատ, Բամբակաշատ և Այգեվան համայնքների խաղողագործները բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով բարձրացնել խաղողի մթերման գինը:
«Մեր խնդրանքն է՝ 150 դրամով խաղողն ընդունեն: Պետությունը գործարաններին սուբսիդավորել է, որ խաղաղ մթերեն, պետությունից սուբսիդավորում ստացել են հերիք չի, գինն էլ իջեցրել են», - ասում են ակցիայի մասնակիցները:
Խաղողագործները նշում են, որ «Արարատ» կոնյակի գործարանը կրճատել է պայմանագրերը՝ մթերման գին սահմանելով 135 դրամ 1 կգ դիմաց:
Խաղողագործները հանդիպում են անցկացրել նաև Արմավիրի մարզպետարանում:
«Ես կապ եմ հաստատել գործարանի ներկայացուցիչների հետ և ճշտել եմ որտեղ են մթերում իրակացնում, որտեղ անհրաժեշտ պարագաներ կան, որ գյուղացին գա՝ ես կարողանամ պատասխան տալ: Անկախ նրանից՝ կլինի սուբսիդավորում, թե՝ ոչ, գինը գոյանում է պահանջարկ-առաջարկի հաշվին: Մեզ համար կարևոր է, որ խաղողը չմնա գետնին, մթերում իրականցվի», - նշեց փոխմարզպետը:
Վերջինս առաջարկեց, որպեսզի խաղաղագործները խումբ ձևավորեն և ներկայացնեն գրավոր առաջարկներ:
Խաղողագործները նշեցին, որ խաղողը ինքնարժեքով հանձնելու դեպքում ընտանիք չեն կարող պահել, ակնկալում են պետության աջակցությունը, սուբսիդավորման որևէ միջոց, այլապես ուրբաթ օրը կրկին կշարունակեն ցույցերը:
«Ձեր տված ոչ մի պատասխան սպառիչ չէր, որևէ առաջարկ չեղավ, մենք ակնկալում էինք հանդիպում մարզպետի հետ, սակայն, երբ մենք գալիս էինք, նա այստեղից հեռացավ», - պնդեցին ակցիայի մասնակիցները:
Նշենք նաև, որ ցույցի մասնակիցները այժմ շարունակում են հավաքված մնալ մարզպետարանի դիմաց: