02/09/2020 13:01
Եթե կառավարությունը չնախաձեռնի փոփոխություններ, քաղաքական պրոցեսները փողոց են տեղափոխվելու. Քաղաքագետ
Մենք այսօր տեսնում ենք խորհրդարան, որն, ըստ էության, չի գործում և չի արտահայտում ՀՀ քաղաքական խճանկարը: Ստեղծված իրավիճակում, բնականաբար, փոփոխություններ են անհրաժեշտ: Այդ փոփոխությունները կամ պետք է կառավարությունը նախաձեռնի, կամ էլ քաղաքական պրոցեսները փողոց են տեղափոխվելու: Եթե խնդիրները չլուծվեն, կարող է լինել թեժ իրավիճակ` անկանխատեսելի հետևանքներով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը`անդրադառնալով առաջիկայում քաղաքական դաշտում հնարավոր զարգացումներին:
«Կան խնդիրներ, որոնք գործող կառավարությունը չի կարողանում լուծել` տնտեսական վիճակի բարելավում, արտաքին քաղաքականության բնագավառում բազմաթիվ ձախողումներ, տարբեր կենտրոնների հետ սառեցված հարաբերություններ և համավարակի դեմ պայքարի տապալում: Տարբեր ոլորտներում առկա են կառավարման խնդիրներ, ոչ պրոֆեսիոնալ կադրեր, և այս ամենը ժամանակի հետ իրեն ավելի ու ավելի է զգացնել տալիս», - ասաց քաղաքագետը:
Ստեփան Դանիելյանի խոսքով` եթե կառավարությունը փորձի գնալ երկխոսության և համագործակցության եզրեր փնտրի, իրավիճակն առավել հեշտ կմեղմվի:
«Փոփոխությունների սպասելու ժամկետներտը սպառվել են, 2.5 տարին բավական մեծ ժամկետ է արդյունքներ ցույց տալու համար: Իսկ դրանք առայժմ բացասական են: Իհարկե, հանուն արդարության պետք է ասել, որ դրական փոփոխոխություններ ևս կատարվել են, բայց, միևնույն է, բացասականն ավելի շատ է, քան դրականը», - ասաց մեր զրուցակիցը: