02/09/2020 14:57
Պետք է սպասել ոչ թե թեժ աշնան, այլ քաղաքական ճգնաժամի, որի հասունացումն ակնհայտ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
2018 թվականից սկսած Հայաստանում իրավիճակը շատ լարված է, և քաղաքական գործընթացները բավականին ակտիվ են զարգանում: Հետևաբար չէի ասի, թե աշնանն ակնկալվող թեժությունը նորություն է կամ յուրահատուկ ինչ-որ բան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն՝ անդրադառնալով հավանական «թեժ» աշնան թեմային:
«Ես անգամ ավելի վատատեսական սցենարների եմ սպասում. ոչ թե թեժ աշնան, այլ քաղաքական ճգնաժամի, որի հասունացումն ակնհայտ է: Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, հիմնականում՝ կառավարության ապիկարությամբ և գործունեության անարդյունավետությամբ, ընդ որում՝ բոլոր ոլորտներում՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական: Ամեն տեղ խնդիրերը շատանում են, դրան էլ գումարվել է պատերազմի իրական սպառնալիքը: Այս ամենի համադրումը վտանգավոր սցենարների հնարավորություններ է առաջ բերում», - ասաց քաղաքագետը:
Վերը թվարկածներին զուգահեռ, Մելիք-Շահնազարյանի խոսքով, իշխանություններին երկար ժամանակ վստահած և էյֆորիկ տրամադրություններ ունեցող մարդիկ ու քաղաքական ուժերը տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այլևս հանրային աջակցություն չունի:
«Այդ բոլոր ուժերն ակտիվացել են: Նրանիցից շատերն արդեն սոցիալական լուրջ բազա ունեն: Ակնհայտ է, որ այդ ուժերն ամռանը ձեռքերը ծալած չեն նստել և հանրության շրջանում աշխատանքներ են տարել: Հիմա պետք է տեսնենք այդ աշխատանքների արդյունքները: Դրա համար էլ «թեժ» աշուն ասվածը կարող է մի քիչ մեղմ թվալ», - ասաց քաղաքագետը:
Ամփոփելով՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ մի շարք ոլորտներում՝ առողջապահական, կրթական, արտաքին քաղաքական, ակնհայտ տապալում է տեղի ունեցել, և մարդիկ սկսել են տեսնել ու հասկանալ դա: