02/09/2020 09:28
«Ժողովուրդ». Առևտրականների մոտ ՊԵԿ-ի գործողությունները «ռեյդ» են, իսկ ՊԵԿ-ում՝ ամենօրյա աշխատանք
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ վերջին օրերին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուժեղ հսկողություն է իրականացնում առևտրային ոլորտում:
Ըստ թերթի տեղեկությունների՝ ՊԵԿ աշխատակիցները շրջում են Երևանի տարբեր վարչական շրջաններում և անակնկալ ինչ-որ առևտրի կենտրոն մտնում՝ պարզելու, թե արդյոք աշխատակիցները ՀԴՄ կտրոն տրամադրում են գնորդներին: Ընդ որում, առևտրականները վաղուց տեղյակ են, որ Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար «ռեյդ» է իրականացնում։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Պետական եկամուտների կոմիտեի մամուլի պատասխանատու Լուսինե Մկրտչյանից. «Որևէ լրացուցիչ, հատուկ կամ նմանատիպ գործողություններ չեն իրականացվում, նման հանձնարարական չկա, ամենօրյա աշխատանքներ են, հարկային տեսուչները կատարում են իրենց ամենօրյա պարտականությունները։ Այո, իրականացնում են ստուգումներ, որպեսզի տնտեսվարողները աշխատեն օրինական դաշտում»:
Նրա խոսքով՝ «ռեյդ» ասածն իրենց համար անհասկանալի է, քանի որ ՊԵԿ-ի տեսուչները իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում։