02/09/2020 16:20
Երկու covid իրականություն՝ Հայաստանում. Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը գրում է.
«Համաճարակի դեմ պայքարում Հայաստանն ապրում է երկու իրականությունում. կա պաշտոնական իրականություն, որն արտացոլվում է վարչապետի, նրա որոշ նախարարների խոսքերում, պարետատան որոշումներում ու տարբեր ուղեցույցներում և կա զուգահեռ իրականություն, որում ապրում է հայ ժողովուրդը։
Մինչ ոստիկանների տարբեր խմբեր Հյուսիսային պողոտայում, քաղաքի կենտրոնական մարդաշատ վայրերում մոտենում են անդիմակավորներին կամ նրանց, ովքեր դիմակը ճիշտ չեն կրում և զանգվածաբար տուգանում, մթնոլորտը հասցնելով աբսուրդի և պետության կողմից կոշտ պայքարի իմիտացիա ստեղծում, նույն պահին Երևանում ուղևորատար ավտոբուսները երթևեկում են գերծանրաբեռնված, որտեղ ոչ մի հակահամաճարակային անվտնագության մասին խոսք չկա։ Խցկված, իրար կպած ուղևորափոխադրում է տեղի ունենում փոքր ավտոբուսներով և միկրոավտոբուսներով։
Բակերում և զբոսայգիներում ամբողջ օրը երեխաները խաղում են ոչ մի սոցիալական տարածություն, ոչ մի դիմակ, ոչ մի վերահսկողություն, իրար քիթ մտած։ Ալկոգելի կամ պարբերաբար լվացվելու մասին ծիծաղելի է խոսել։ Սա այն դեպքում, երբ պետությունը մանկապարտեզները փակում է, իսկ դպրոցների համար անիրական ուղեցույցներ մշակում։ Հայաստանում COVID-խաբեություն է:
ԱՀԿ-ն ասում է, որ համավարակի հաղթահարման համար անհրաժեշտ է կառավարության և հասարակության վստահություն ու հասարակության բարձր գիտակցում:
Հայաստանում առաջինը բացակայում է, իսկ բարձր գիտակցումն էլ բախվում է դաժան իրականությանը:
ՀՀ քաղաքացին, երևանցին պետք է աշխատանքի գնա: Դիցուք, նա բարձր գիտակցում ունի: Սպասում է ավտոբուսի, որ նստած երթևեկի, բայց այդպիսինները չկան: Աշխատավարձն էլ թույլ չի տալիս աշխատանքի գնալ ու գալ տաքսով: Հիմա ի՞նչ անի բարձր գիտակցում ունեցող ՀՀ քաղաքացին: Պետությունը, եթե մի բան արգելում է, դնում է կոշտ սահմանափակումներ, ապա մյուս կողմից պետք է ստեղծի հնարավորություններ։ Հակառակ դեպքում՝ կունենանք այսօրվա իրականությունը՝ երկու զուգահեռ իրականություն. պաշտոնական ստի և իրական կյանքի։
Կառավարությունը, իրեն դասալիքի նման պահած Երևանի քաղաքապետը ոչինչ չեն արել և չեն անում, որ երթևեկելը լինի քաղաքակիրթ, անվտանգ: Ավելացե՞լ է ավտոբուսների թիվը, նոր երթուղինե՞ր են մշակվել... Իհարկե՝ ոչ. եթե արտակարգ պայմաններ են, արտակարգ սահմանափակումներ, ապա պետք է լինեն արտակարգ, հրատապ լուծումներ։
Փոխանակ ավտոբուսների թիվն ավելացվի՝ պակասեցվել է: Անգամ երթուղիներ են անհետացել, իսկ քաղաքապետարանը լռում է:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվելու տրանսպորտի հետ, երբ դպրոցներում և համալսարաններում վերսկսվեն դասերը: Փորձեք պատկերացնել:
Դպրոցներում այլանդակ, համակենտրոնացման ճամբարների ուղեցույց հիշեցնող շրջաբերականներ են իջեցվել: Աշակերտներին պարտադրում են դիմակ կրել, ռիսկային խմբերում գտնվող ուսուցիչներին՝ սկաֆանդրներ հագնել, աշակերտներին արգելում են գնալ գրատախտակի մոտ, օգտագործել տետրեր, հաց ուտել, քայլել, վազել: Արգելում են այն աշակերտներին, որոնք այսօր ֆուտբոլ են խաղում, վազվզում, իրար կողք նստած զրուցում, հեծանիվ քշում, տարբեր խաղեր խաղում:
Կրկին բարձր գիտակցման մասին. ծնողը հասկանում է, որ խաղը բակում, զբոսայգում այլ երեխաների հետ մեծացնում է վարակը փոխանցելու ռիսկը, բայց մյուս կողմից ի՞նչ անի այդ նույն ծնողը, որն ունի բարձր գիտակցում և հասկանում է, որ չի կարելի անվերջ երեխային պահել տանը, որ նրան խաղ և շարժում է պետք: Ի՞նչ է արել պետությունը, ի՞նչ լուծումներ է առաջարկել. Միայն փակել, արգելել ու ստել։
Այսօր ամեն քայլափոխի բախվում ենք ամենասովորական խաբեության: Ամեն ինչ ձևական է, ամեն ինչ անտրամաբանական, ամեն ինչ անհեթեթության սահմանին կամ սահմանից այն կողմ: Նման իրականությունը սովորաբար բախվում է լուրջ խնդիրների»։