02/09/2020 19:34
Գոռն ու Էդգարը չէին կարող երկուսով ծեծել 4,5,6 ոստիկանների, ընդհակառակը՝ ոստիկաններն են նրանց դաժան ծեծի ենթարկել. Գևորգ Ղազարյանը՝ Մալաքյան եղբայրների ձերբակալման մասին (Տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Գոռ և Էդգար Մալաքյանների ձերբակալմանը, որում ասել է.
«Ցանկանում եմ կոչով դիմել այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն Գոռ և Էդգար Մալաքյանների գործով։ Շատ հրապարակումներ եմ տեսնում, որտեղ ասվում է՝ օրենքը հավասար է բոլորի համար և կապ չունի, թե ինչ մասնագիտության տեր ես։ Իրականում, համաձայն եմ՝ կապ չունի, թե ինչ մասնագիտություն ունես, բայց այդ թվում են նաև ոստիկանները, ովքեր անօրինաբար դաժան ծեծի են ենթարկել Գոռին և Էդգարին։ Գոռը նույնիսկ ունի տեսողության հետ կապված խնդիրներ, որոնք կարող են անդրադառնալ ամբողջ կյանքում իր գործունեության վրա։
Ուզում եմ նաև խոսել այն մարդկանց մասին, ովքեր շատ կտրուկ են արտահայտվում՝ առանց իրականությունն իմանալու։ Ուզում եմ ասել, որ շատ կայքերի գրածներ 99%-ով չեն համապատասխանում իրականությանը։ Գոռն ու Էդգարը չէին կարող երկու հոգով ծեծել 4,5,6 ոստիկանների, ընդհակառակը՝ ոստիկաններն են նրանց դաժան ծեծի ենթարկել։ Ամեն դեպքում, ցանկանում եմ այդ մարդկանց դիմել՝ ավելի լավ տեղեկացված լինել գործին, կամ փոքր-ինչ համբերություն ունենալ՝ իմանալու, թե ինչ է իրականում եղել, նոր իրենց կարծիքը հայտնել»: